Հելսինկյան ասոցիացիա հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապշտպան Նինա Կարապետյանցի պնդմամբ՝ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի մուտքը Սարդարապատի հուշահամալիր ոստիկանների կողմից արգելելու փորձերը անընդունելի են։

«Չեմ կարծում, թե ոստիկանությունը կամ ոստիկանապետը ինքնուրույն այդպիսի որոշում կարող էին կայացնել։ Խորին համոզմունք ունեմ, որ դա քաղաքական որոշում է՝ հատկապես նոր տարվա ուղերձը հրապարակելու համար արհեստական պայմաններ ստեղծելուց հետո։ Ակնհայտ է, որ դրանք քաղաքական որոշումներ են։

Ցավում եմ, որ երկրում որևէ բան իր տեղում չի։ Եթե խնդիր ունեն կառույցի հետ, եթե համարում են, որ կառույցը խնդրահարույց էլեմենտներ ունի, դրա համար կար գործիք, որը կոչվում էր լյուստրացիա, որը չարվեց ժամանակին։ Շատ ցավալի է», -Forrights.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպանը։

Նշենք, որ «Ազգային ճակատը» այսօր տեսանյութ էր տարածել, որում երևում էր՝ ինչպես են ոստիկանության մի խումբ ծառայողներ փորձում խանգարել հոգևոր դասի ներկայացուցիչների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

Նրա խոսքով, կարող են լինել մարդիկ, ովքեր չեզոք վերաբերմունք ունենալով հոգևոր դասի նկատմամբ, այս գործողություններից կարող են ծանր վիրավորանք ապրել․  «Մարդիկ, ովքեր որևէ վերաբերմունք չունեին կողմերի նկատմամբ, անձնական վիրավորանք կարող էին ընդունել այս քայլը, ու դրա հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Տպավորություն ունեմ, որ իշխանությունները դիտավորությամբ գեներացնում են ատելություն, գեներացնում են իրենց նկատմամբ բացասական վերաբերմունք ու բախումների գնալու հնարվորություն»։

Նկատենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և շարժման հետևորդները գիշերել էին Սարդարապատի հուշահամալիրում, և առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաների ամենամյա այց Սարդարապատ տեղի չունեցավ։ Երկրի ղեկավարությունը Սարդարապատ այցելեց այն բանից հետո, երբ շարժման առաջնորդն ու համակիրները հեռացան հուշահամալիրից։

Մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել պարգևատրման արարողություն և պարգևատրվողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն էր, իսկ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը գեներալ-մայորի զինվորական կոչում է ստացել։

«Քիչ է, շատ քիչ է, ես առաջարկում եմ բոլորին հերոսի կոչում շնորհել, որովհետև հերոսաբար ծառայում են օրվա իշխանությանը։ Համարում եմ, որ գործող իշխանությունները խիստ համեստություն են դրսևորել, որ նրանց էսպիսի որակի ծառայություններ են մատուցում։ Կարծում եմ՝ շքանշաններից և ուսադիրներից զատ, արժեր մի հատ էլ ազգային հերոսի կոչում շնորհել, որովհետև իրենց պատկերացման մեջ ազգային հերոսները և ուսադիր կրելու իրավունք ունեցողները նրանք են, ովքեր ծառայում են գործող իշխանություններին։ Այդպես եղել է անհիշելի ժամանկներից», -ասաց Կարապետյանցը։

Ընդհանուր առմամբ, գնահատելով երեկ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանական բռնի գործողությունները, մասնավորապես՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության դեպքը, Կարապետյանցը արձագանքեց․ «Բոլոր ժամանակներում, բոլոր իրավիճակներում ոստիկանության գործողությունները, որոնք իրավաչափ չեն, համաչափ չեն, որոնցում իրավական հիմքեր չկան, դատապարտելի են։ Համոզմունք ունեմ, որ թե նախկինում, թե հիմա ոստիկանությունը երբեք ինքնուրույն որոշումներ չի կայացնում․ դա հիմնավորվել ու ապացուցվել է կոնկրետ օրինակներով, բազմաթիվ ցույցեր են եղել շատ ավելի ագրեսիվ, և ոստիկանությունը գտնվել է իր բարձունքի վրա։ Բայց խաղաղ հավաք իրականացնողների նկատմամբ բռնություն կիրառելը քաղաքական որոշում է։ Դա եղել է նախկինում, այդպես է նաև հիմա»։

Դիտարկմանը, թե կա տեսանյութ, որտեղ պատգամավորը հայհոյում է ոստիկանին և հարցին՝ արդյոք դա առիթ էր, որ ոստիկանը նման կերպ արձագանքեր, Կարապետյանցը պատասխանեց․ «Պատգամավորի արարքը ևս դատապարտելի է, դա կոչվում է խուլիգանություն։ Բայց դա չի նշանակում, որ ոստիկանները պետք է հարձակվեն ամբողջ թափով ու բռնության ենթարկեն մարդուն։ Դա նշանակում է, որ այդ պարոնին պետք է տանեին ձերբակալեին ու եթե անհրաժեշտություն կար, մտնեին խորհրդարան ու զրկեին անձեռնմխելիությունից, քրեական գործ հարուցեին»։

 

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest