Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը ենթակա է վերանայման։ Այդ մասին որոշումը կայացրել է ՀՀ Սահմանադրական դատարանը՝ քննելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը,

Ըստ աղբյուրի, Դավիթ Հարությունյանի նկատմամբ օրենքը կիրառվել է այլ մեկնաբանմամբ, որով խախտվել են նրա իրավունքները: Այսինքն՝ ԲԴԽ-ն ևս մեկ անգամ պետք է քննի Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հիշեցնենք՝ նախորդ տարի մայիսի 24-ին նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

ԲԴԽ-ում գործի քննության ժամանակ Արդարադատության նախարարը   միջնորդություն է ներկայացրել՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին: Որպես հիմնավորում նշված է  հետևյալ պատճառաբանությունը. «Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում է Դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը, որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը և իր կողմից կայացվող որոշումների օրինականությունը կասկածի տակ դնելուն: Այնինչ, Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների և դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությունը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում: Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատավորի՝ նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում և դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»:

Բավարարելով այս միջնորդությունը, ԲԴԽ-ն դռնփակ ու շատ հապճեպ կազմակերպված նիստերի արդյունքում որոշեց դադարեցնել դատավոր Հարությունյանի լիազորությունները՝ «էական կարգապահական խախտման հիմքով»։

Կից հրապարակում — «Դատավորներին լռեցնելու պրակտիկա է ձևավորվում». Դավիթ Հարությունյանի պաշտպանները արդեն որոշել են՝ գանգատ կուղարկեն ՄԻԵԴ

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest