2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցման գործընթացն արդեն մեկնարկել է։ 36-ամյա Լուսինեն ասում է՝ իրեն զանգահարել և տեղեկացրել են, որ առաջիկայում փոխանցումները կիրականացվեն։ «Ինձ զանգել զգուշացրել են, որ բանկային հաշվի հետ կապված տեխնիկական հարցերը լուծվեն, քանի որ առաջիկայում փոխհատուցումներ են կատարվելու», -Forrights.am-ին ասում է Լուսինե Իսրաիլյանը։ Նա փոխհատուցումն ստանալու է 2023-ի սեպտեմբերի 20-ին Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դիրքերի պաշտպանության ժամանակ զոհված ամուսնու՝ ենթասպա Գրիգոր Իսրաիլյանի համար։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհվել է 200-ից ավելի զինծառայող ու քաղաքացիական անձ։ Զոհված զինծառայողների անունների ցուցակագրումն իրականացվել է և այս օրերին նրանք փոխհատուցումներ են ստանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից, որը վերաբրենդինգի հետևանքով փոխել է անունը և այժմ կոչվում է Զինապահ անունով։
Այս հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2024թ. ապրիլի 8-ի դրությամբ Զինապահն ունի 5345 շահառու։ 2017-ից ի վեր կատարված հատուցումների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 91 միլիարդ ՀՀ դրամ։ Հատկապես վերջին շրջանի հատուցումների մասին հարցազրույց տալու մեր խնդրանքին Զինապահից չպատասխանեցին։
Պաշտպանության նախարարությունից Forrights.am-ին փոխանցեցին, որ վերջին ամիսների ընթացքում ճշգրտումներ էին իրականացվում՝ հստակեցնելու՝ որ զինվորականներն են զոհվել մարտական գործողությունների ընթացքում, որոնք՝ բենզալցակայանի պայթյունի հետևանքով, քանի որ փոխհատուցումներ ըստ հայաստանյան օրենսդրության, հատկացվում են մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներին։
«Ստեփանակերտում պայթյունի ժամանակ մահացած զինծառայողը չի կարող փոխհատուցման համար շահառու հանդիսանալ, քանի որ դա դժբախտ պատահարից մահանալ է և ոչ թե մարտական գործողությունների ժամանակ զոհվել», -հստակեցրին Պաշտպանության նախարարությունից։
Սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ պաշտպանությաննախարարությունը կազմել ու Զինապահ հիմնադրամ է փոխանցել շուրջ 180 զինծառայողի մասին ցուցակ։ «Առաջիկա օրերի ընթացքում ցուցակագրված բոլոր շահառուների համար փոխհատուցումները կիրականացվեն», — Forrights.am-ին ասում է Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության շահառուների հաշվառման և արտոնությունների տրամադրման բաժնի պետ Ալեքսանդր Հովսեփյանը։
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի համաձայն, հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե զինծառայողը զոհվել (մահացել) է մարտական գործողությունների ժամանակ կամ մարտական գործողությունների ավարտի օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով։ Հատուցման տակ օրնեքով ընկնում են նաև անհետ կորած զինծառայողները, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողները, որոնք վնասվածքն ստացել են մարտական գործողությունների ժամանակ։
Օրենքի համաձայն, հատուցման դեպք չի համարվում այն դեպքը, երբ զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
ՊՆ պաշտոնյան ասում է հատկացվող փոխհատուցման չափը կախված է զինծառայողի ծառայության տեսակից․ նախ հատկացվում է միանվագ 10 մլն դրամ գումար, հետո յուրաքանչյուր ամիս կատարվում են որոշակի հատկացումներ, որոնց չափը տարբեր է՝ 200 հազար դրամից բարձր։
Այս տարի փետրվարին հիմնադրամից հայտարարել էին, որ վերանայվել և ինդեքսավորվել է շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը։ 2024-ի հունվարի 1-ից շահառուներին վճարվող գումարը կբարձրացվի 26%-ով։ Օրինակ՝ եթե շահառուհի հատուցման ամսական գումարը 200,000 դրամ է, ապա փոփոխության արդյունքում այն այսուհետ կկազմի 252,000 ՀՀ դրամ։
«Փոխհատուցման շահառուների շրջանակը զինծառայողի ընտանիքն է՝ ծնող, կին, երեխաներ։ Եվ միանվագ, և ամսական հատկացվող գումարը բաշխվում է ընտանիքի միջև իրենց համաձայնությամբ», -ասում է Ալեքսանդր Հովսեփյանը։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: