Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի պնդումը, թե երեկ՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Բաքվի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։

Բաքուն հայկական կողմին մեղադրել է, մասնավորապես, Գորիսի շրջանի դիրքերից ադրբեջանական բանակի դիրքերի վրա կրակելու համար՝ նշելով, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները համարժեք պատասխան քայլեր են ձեռնարկել»։

Միևնույն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին օրերին ակտիվացել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սադրիչ է որակել Ադրբեջանի գործողությունները։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շաբաթ օրը հայտնել է, որ պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ: Պաշտոնական Երևանը կոչ է արել Բաքվին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն իր հերթին հայտարարել է, թե Բաքվի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest