Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ ընթացակարգով է ներվելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձվելու գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 6 հազար անձանց մոտ կան ոսկյա իրերի դիմաց վերցրած վարկեր, դրանց մի մասը ԼՂ-ից բռնի տեղահանման ժամանակ բանկերը արդեն տրամադրել էին վարկառուներին և կար մի որոշ մաս, որոնք տեղափոխվել էին Հայաստան։ Խոսքը մոտ 1800 վարկի մասին է։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը պետք է դիմում ներկայացնի, և դիմումի հիման վրա համաձայնագիր կկնքվի ամեն առանձին ֆիզիկական անձի հետ՝ գրավը վերադարձնելու և ներելու հետ կապված։ Այնուհետև կտեղեկացնենք, թե որտեղից և ինչպես կարող են այդ իրերը ստանալ»,- ասաց նախարարը։ Նախարարի խոսքով՝ խոսքը գրավի դիմաց այն վարկերի մասին է, որոնք չեն գերազանցում 2,5 միլիոն դրամը։

«Այս որոշումը կվերաբերվի գրավի դիմաց մինչև 2,5 միլիոն դրամի վարկ ունեցողներին, որովհետև ավելի մեծ վարկեր ունեցողների մասով պետք է հավելյալ ուսումնասիրություն իրականացվի՝ ճշտելու այդ մարդկանց ֆինանսական հնարավորությունները, որպեսզի վարկերը չներվեն այն մարդկանց, ովքեր ունեն մեծ ֆինանսական հնարավորությունները, այլ ներվեն միայն այն անձանց վարկերը, որոնք ծանր սոցիալական վիճակում են»,- նշեց նախարարը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest