Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել հանրապետությունում մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Համաձայն TRT պետական հեռուստաալիքի վերջին տվյալների՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստանում է ձայների 37,35 տոկոսը, իշխող ԱԶԿ-ը՝ 35,75 տոկոսը։

Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ ընդդիմությունը հաղթում է հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Բուրսայում, Իզմիրում և Ստամբուլում, գրում է ՏԱՍՍ-ը։

«2023 թվականի մայիսին [ընդհանուր և նախագահական] ընտրություններում մեր հաղթանակից ինն ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և ակնկալում էինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Անկարայում:

Նա հայտարարել է, որ դա «վերջը չէ, այլ շրջադարձային կետ»։ ԱԶԿ-ն, ըստ Էրդողանի, կանի անհրաժեշտ հետևություններ, կվերլուծի տեղի ունեցածը և կուղղի թույլ տված սխալները։

Էրդողանի խոսքով՝ ինքը և իր կուսակցությունը չեն անտեսի ժողովրդի կամքի դրսևորման արդյունքները։

Կուսակցությունների առաջնորդներն ու թեկնածուներն արդեն հայտարարել են հաղթանակի մասին կամ ընդունել են իրենց պարտությունը։ Անկարայի և Ստամբուլի գործող քաղաքապետեր Մանսուր Յավաշն ու Էքրեմ Իմամօղլուն փաստացի տոնել են ընտրություններում իրենց հաղթանակը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest