«Պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է»,-ասում է «Մարտական եղբայրություն» միաբանության ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանն անդրադառնալով իրենց՝ Ոսկեպար չթողնելու իշխանության որոշմանը։

Մարտի 24-ին դեպի Վերին Ոսկեպար մեկնող  «Մարտական եղբայրության» անդամներից 49-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել՝ զենք-զինամթերք կրելու կասկածանքով, հետո, սակայն, ազատ էին արձակվել։ Ոստիկանությունից հայտնում են, որ որևէ մեկի մոտ զենք չի հայտնաբերվել Կազմակերպության անդամներն այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում։

Միաբանության անդամներից բերման ենթարկված Ավետիս Ավետիսյանն էլ փոխանցում է «ՀՀ ոստիկանապետի տեղակալի կողմից սպառնալիք է եղել, որ չպետք է գնաք, մենք էլ ասացինք, որ պետք է գնանք, ինքն էլ ասաց՝ ես եմ որոշում»։

«Մարտական եղբայրություն» միաբանությունը, որպես հասարակական կազմակերպություն, Տավուշի մարզում մարտավարական պարապմունքեր է այցկացնում։ Նշում են, որ ոստիկանությունն իրենց գործունեությունը խոչընդոտում է Նիկոլ Փաշինյանի այցից հետո։ Հիշեցնենք՝ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ էր այցելել Ոսկեպար ու Կիրանց համայնքեր ու տեղեկացրել, որ գյուղերի հարակից տարածքները Ադրբեջանինն են, և, եթե չհանձնեն, ապա պատերազմ տեղի կունենա։ Փաշինյանը միաժամանակ չէր բացառել պատերազմի հավանականությունն այդ տարածքները հանձնելուց հետո։ Նշենք, որ որ այդ տարածքները ներառում են Իջևան-Բագրաատաշեն ռազմավարական նշանակության ճանապարհը, արոտավայրեր, անտառներ և այլ կենսական նշանակության տարածքներ։

«Մենք մեկ տարի է այդ մարտավարական պարապմունքներն անցկացնում ենք Նոյեմբերյանի շրջանում։ Դա եղել է ՏԻՄ-երի հետ հուշագիր ստորագրելու շրջանակներում։ Բնակիչները մեզ հարցրել են՝ ո՞ր մի բան եղավ մնալու եք մեր հետ, թե՞ պարապմունքն անցկացնելու եք գնաք, մենք պատասխանեցինք՝ պատասխանատվություն ենք ստանձնում, դրանից հետո նոր ստացվեց մեր համագործակցությունը»,-մանրամասնեց Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ նշեշլով, որ իրենց գործունեությունը դիտավորությամբ խոչընդոտվում է։

Միաբանության անդամներից Արմեն Պետրոսյանն էլ ահազանգում է այն մասին, որ ենթադրյալ հանձնվող տարածքով անցնում է գազամուղը, որն անցնելով Ադրբեջանին կարող է կրկնվել Արցախի պատմությունը։

«Գազմաուղի վրա հսկողություն հաստատելուց հետո, օրինակ կասեն, Վերին Շորժայից այսինչ հատվածը տվեք, գազը կբացենք։ Մենք կռացած մտածելակերպով չենք ապրելու։ Մենք մինչև վերջին վայրկյանն օգտագործելու ենք, որ այդ հողերը պահենք։

Հրանտ Տեր-Աբրահմյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե այդ տարածքները չհանձնեն, պատերազմ կլինի, ասաց․ «Այս ընթացքը չի տանում դեպի խաղաղություն, էս ընթացքը հենց պատերազմի է տանում։ Այս աշխարում, երբ արդեն խոսվում է Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ պատերազմի մասին, անհարին է վերցնել փոքր Հայաստան ու ասել, որ խաղաղություն ես կառուցում։ Այսօր ոչ մեկ չի գալու մեր սահմանները պաշտպանի, հնարավոր է օգնեն, եթե մենք կռվենք։ Ուկրաինան էլ սկսեց իրեն պաշտպանել, նոր եկավ օգնությունը, այս մարդիկ դա չեն հասկանում։ Իշխանությանը վախի վրա բռնցրել են և տանում են զիջումների, ասում են՝ սա էլ արեք կտորագրենք, Արցախը տվեցինք, հիամ էլ եկել էլ Անկախության հռչակագրի և չորս գյուղերի հարցը, ու այսպես անվերջ է սա»։

Հրանտ Տեր-Աբրահամյանը նշում է, եթե իշխանությունը ցանկանա, ապա կարող է «Մարտական եղբայրության» բոլոր անդամներին ազատազրկելով չեզոքացնել, իրենց նպատակն է հասարակությունում արթնացնել պայքարի ոգին, որպեսզի կարողանան դիմադրել։

Արման Պետրոսյանը, որը մինչև 2023 թվականի արցախահայերի բռնի տեղահանումն աշխատել է ՏԻՄ համակարգում, նշեց՝ իրավիճակից հետո աշխատանքից դուրս է եկել և մեկ ուշագրավ տեղեկություն հայտնեց։

«Քանի դեռ հրամանատարական ողջ լծակն այս իշխանության ձեռքում է, իրենց հետ չեմ ծառայելու։ Ինչո՞ւ, որովհետեև Ստեփանակերտում մարտեր էին ընթանում, մեկ էլ ռացիայով լսում ես՝ դիմացեք, 40 րոպեից պատերազմը կանգնելու է։ Թշնամին ներխուժում է Կրկժան, հմուտ հրամանատարները չկան, առաջարկում ես մտնել տները, այնտեղից մարտեր վարել, մի երիտասարդ հրամանատար է գալիս ու ասում՝ մարդկանց տները չջարդեք հանկարծ։ Վերլուծում ես, հասկանում ես, որ Ստեփանակերտը հանձնում-ընդունում են անում, ջարդած տները տեսան իրենց համար չեպե է»։

Նարեկ Կիրակոսյան  

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest