Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց Եվրոպական խորհրդարանի՝      Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին ընդունած բանաձևը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ վարչապետը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցությունների աջակցությունը ստացած այս բանաձևն ընդունվել է 504՝ կողմ, 4՝ դեմ, 32՝ ձեռնպահ ձայներով։

Նա նշեց, որ բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին։

«Այս բանաձևով Եվրոպական խորհրդարանը արձանագրել է Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար։ Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն։

Ողջունելով Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը, կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Սա ևս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներ ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը»,-ընդգծեց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, վարչապետն արտահայտեց Հայաստանի Հանրապետության կառավարության կամքը՝ շարունակել աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest