Ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Այս մասին հայտնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ փաստաբան Մոնիկա Մարգարյանը։ Հիշեցնենք՝ Ժորա Կարապետյանի մահվան մասին հայտնի է դարձել 2023 թվականի օգոստոսի 10-ին։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ զինծառայողը հաջորդ օրը մահացել է հոսպիտալում։ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ի թե փաստաբանը, թե մահացած զինծառայողների հարցերով փորձագետը, այս պնդումը վիճահարույց են համարում՝ հիմք ընդունելով կատարված փորձաքննությունների եզրակացությունները։
«Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն։ Քննիչը դաատաբժշկին հարց է առաջադրել, թե ինչ հեռավորությունից է կրակոցը եղել։ Դատաբժիշկը պատասխանել է, որ լրացուցիչ գործոնների սահմաններում է եղել։ Որպեսզի բատաբժիշկն այդ հարցին պատասխաներ պետք է գլխի շրջանից, որտեղ վնասվածքը ստացել էր, մաշկի նմուշներ վերցներ, ուղղարկեր համապատասխան հետազոտության այդ հարցին կարողանար պատասխաներ։ Դատաբժշկական եզրակացությունն ուսումնասիրել ենք և տեսնում ենք, որ այդպիսի հետազոտություն չի արվել, հետևաբար դատաբժիշկը պատասխանելով այդ հարցին չի ունեցել որևէ տվյալ։
Արդեն բազմաթիվ դեպքեր կան, որ զորամասերում դեպքի վայրը չեն պահպանում՝ պատճառաբանելով, թե իբր զինծառայողը դեռևս չէր մահացել, միջոցներ են ձեռնարկել բժշկական օգնություն տրամադրելու համար և տեղափոխում են բուժհաստատություն։ Անհնար է, որ նման վնասվածք ստանալուց հետո զինծառայողը ողջ մնար։ Ժորայի գործով էլ է նույնը եղելը, իբր տեղափոխել են հիվանդանոց, փորձել են օգնություն ցուցաբերել, բայց դատաբժիշկն էլ նշել է, որ վայրկյանների ընթացքում է մահը վրա հասել։ Պետք է դիակը դեպքի վայրում պահպանեին, որպեսզի քննիչները գային և դեպքի վայրը զննեին։ Հետո փորձում են ցուցմունքերով պարզել, թե ինչ դիրքում է եղել, փորձաքննություն են նշանակում, որն արդեն ճիշտ չէ, այդպես անհնaր է դեպքի վայրը վերականգնել»,-ասում է փաստաբան Մոնիկա Մարգարյանը՝ նշելով, որ մի շարք այլ փորձաքննություններ անցկացնելու համար էլ միջնորդություններ են ներկայացրել։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ի առաջարկով սպանված զինծառայողների գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն ուսումնասիրել է այս գործի փորձաքննության եզրակայցություննները և մի շարք խնդրահարույց փաստեր է վերհանել։
Հիշեցնենք՝ Ժորա Կարապետյանը 18 տարեկան էր, երբ զրկվեց կյանքից։ Ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղից էր, ծառայում էր Արարատի զորամասում, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին։ Նախաքննական մարմնի վարկածը ինքնասպանությունն է, հարազատները պնդում են, որ Ժորային սպանել են։ Նույն զորամասում, նկատենք, օգոստոսի 11-ին մահացել էր մեկ այլ զինծառայող՝ Գրանիկ Խնկոյանը։
Փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը բացառում է ինքնասպանության վարկածը՝ ներկայացնելով իր ուսումնասիրությունները։
«Չորս կրակոց է արձակվել, բայց իրենք չեն նշում, որ չորս կրակոց է եղել, դա մենք իմանում ենք վկայի ցուցմունքից։ Երկու կրակոց ճակատային մասում է եղել, նա շանս չուներ ապրելու։ Վերցրել կատարվածը ներկայացրել են ինքնասպանության փորձ, ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը, երբ կատարվածը դիտավորյալ սպանություն է։ Ժորան չէր կարող ինքնասպան լինել, որովհետեև հնարավոր չէ մեկ ձեռքով պահել զենքի խզակոթը, իսկ մյուսով կրակել ճակատին, այստեղ երրորդ ձեռք պետք է լիներ, որ ուղղություն տար, խզակոթը ծանր է, չէր կարող պահել ձեռքերի մեջ»,-ասում է փրձագետը։
«Դատաբժշկի համար շատ կարևոր է պարզել, թե ինչ հեռավորությունից են կրակել Ժորայի վրա։ Դրա համար պետք է մահացածի մաշկի վրայից նմուշներ վերցվեն՝ հրազենային վնասվածքի շրջանից։ Քննիչը, փորձագետը դիտավորյալ այս փորձաքննությունը չեն նշանակել, կատարվել է պաշտոնեական կեղծիք, առանց մաշկից նմուշ վերցնելու իրավունք չունեին նախնական փորձաքննությունն ավարտեին, նա պարտավոր էր մաշկի նմուշներ վերցնել և լրացուցիչ փորձաքննության ներկայացներ, կրակոցի հեռավորությունը որոշելու համար։ Առանց փաստի գրում են, որ կատարվել է մոտ տարածությունից։ Մենք արդեն հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել»,-ասում է նա։
Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով՝ Ժորա Կարապետյանի գործով ամենակարևորը դատաբժշկական եզրակացությունն է, ինչը հակասում է մինչ այս վերցված ցուցմունքերին։
«Քննիչը ցուցմունքեր է կորզել վկաներից, ասում եմ կորզել, որովհետեև ոչ մի ցուցմունք իրականությանը չի համապատասխանում։ Նշված է, որ Ժորային դեպքի օրը՝ առավոտյան և կեսօրին մոտ, նկատել են մարտական հենակետում քնած և որոշել են զինվորական լեզով ասած «սամասուդ» անել։ Այդպիսի բան չի եղել (չի քնել), ցուցմունքեր են կորզել, որ իբր դրա համար Ժորային դաժանորեն ծեծել են, մինչդեռ դատաբժշկական եզրակացության համաձայն Ժորայի վրա առկա մարմնական վնասվածքները հասցվել են ոչ թե օգոստոսի 10-ին՝ սպանության օրը, այլ ամիս 5-ից 8-ը։ Կարևորն այն է, որ քննիչը ցուցմունք է վերցրել այն ժամանակ, երբ դեռ դատաբժշկական եզրակացությունը պատրաստ չէր։
Նշվում է, որ ինքնասպանություն է գործել, ոչ թե իր զենքով, այլ ուրիշ զինծառայողի զենքով՝ գետնատնակից հինգ մետր հեռավորության վրա։ Հարց․ եթե Ժորան գտնվում էր դիտակետի մոտ ինչո՞ւ պետք է ուրիշի զենքով կրակեր իր վրա, ինչու իր զենքը չի վերցրել, ի՞նչ գործ ուներ նա ուրիշի զենքի հետ։ Սա բացահայտ սուտ է, որովհետեև բոլոր զենքերը պահվում են գետնատնակում՝ հատուկ արկղի մեջ, կողպված վիճակում, ինչպե՞ս նա կարող էր ուրիշի զենքը վերցնել և ինքնասպան լիներ։ Նրանք որպեսզի կեղծ պատկեր ստեղծեն կատարվածի շուրջ, ոչ միայն նշում են, որ Ժորային ծեծել են, այլ նաև իր հետ հաց չեն կերել այդ օրը, բայց դատաբժշկի եզրակացության մեջ նշվում է, որ Ժորա Կարապետյանի արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ։ Դիրքում ոչ մեկը մենակ չի խմում, դիրքում հնարավոր էլ չէ մենակ խմել։ Իրենք չեն ասում, թե որտեղի՞ց Ժորա Կարապետյանի մոտ խմիչքը, ոնց հայտնվեց, ո՞ւմ հետ է խմել, ինչո՞ւ է խմել։ Մի բան 100 տոկոսով պարզ է, որ Ժորա Կարապետյանը դիրքի զինվորների հետ է խմել։ Այսինքն, այն ցուցմունքերը, որ Ժորա Կարապետյանի հետ ոչ ոք հաց չի կերել, արհամարված էր զինվորների կողմից, բացահայտ սուտ է։
Զինվորներին տարել են դատաբժշկի մոտ, որպեսզի պարզեն, թե ում վրա կա մարմնական վնասվածքներ, որպեսզի պարեն, թե ում հետ է Ժորան կռիվ արել, զինվորներից Բախշի Խաչատրյանի վրա մարմնական վնասվածքներ է հայտնաբերվել։ Նա այսօր կալանքի տակ է, անմեղ զինվորին կեղծ մեղադրանք է ներկայացվել իբր Ժորային ինքնասպանության հասցնելու համար։ Բախշին էլ ասում է՝ ասում է իմ վրա մարմանական վնասվածքներ կան, որովհետեև Ռազմական ոստիկանությունում ինձ խփել են, սա ևս վկայում է, որ ցուցմունքերը կորզվել են»,- ներկայացնում է փորձագետը։
Առնչվող հրապարակումներ- «Ասում են՝ մեկ անգամ խփել է ինքն իր ճակատին, չի մահացել, 2-րդ անգամ է խփել․ բացահայտ սպանություն է»
«Ըստ դիրքի ավագի՝ սպանություն է»․ դիրքերում մահացած Ժորա Կարապետյանի հորեղբայրն ահազանգում է
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։