Փետրվարի 14-ին երեկոյան աղմկահարույց տեղեկություն տարածվեց, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից, որ նրան հրավիրել են քննչական կոմիտե ինչ-որ չարաշահումների գործով։

Հաջորդ օրը կոմիտեի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Քերոբյանին մեղադրանք են առաջադրել «Սեներիջի» ընկերության գործով, որին նախարարությունն, իբր՝ օժանդակել է «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթը հաղթելու համար։ Քերոբյանը երկու ամսով տնային կալանքի տակ է։

Նշենք՝ «Սիներջիի» շուրջ կոռուպցիոն սկանդալը պայթեց Քերոբյանին կալանավորելուց օրեր առաջ, երբ  ձերբակալվեցին նախարարության և ընկերության 7 նախկին ու ներկա աշխատակիցներ։ Նրանց թվում էր էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, որին արագ բաց թողեցին։ Երեք անձ կալանավորվեց։

Փետրվարի 12-ին, Քերոբյանին քննչական կանչելուց 2 օր առաջ դատախազությունը հաղորդեց, որ կալանավորվածներից երկուսը ազատ են արձակվել։ Պարզվում է, նվազել է նրանց կողմից «ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը»։ Այլ կերպ ասած՝ ցուցմունք են տվել Վահան Քերոբյանի դեմ։ Դատախազությունն այդպես էլ ասում է․ «Հաշվի են առել, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ։ Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է երկու մեղադրյալների նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»։

Նախկին նախարարի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը մարտի 7-ին հրավիրված ասուլիսում նոր երանգներ բացահայտեց Քերոբյանի գործում։ Նա հայտարարեց, որ նախաքննական մարմինը Վահան Քերոբյանի մեղքը հիմնավորող որևէ էական փաստական հիմքեր չունի։

«Սա նախաքննություն չէ, սա կարծես միաբանության կողմից համոզմունքների քարոզ լինի, ուղղակի այն արտահայտվում է ինչ-որ թղթերի միջոցով»,– ասաց Տիգրան Եգորյանը։

Հիշեցնենք՝ ըստ քննիչների, Քերոբյանի հանձնարարությամբ նրա աշխատողները մրցույթի մասնակիցներից “Սիներջի» ընկերությանը օժանդակել են, որ հաղթի, ընդհուպ ցույց են տվել մրցակիցների ներկայացրած փաստաթղթերը, որի իրավունքը չուներին։ Թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են ցույց տվել մրցակցին, հաղորդագրությունից  պարզ չէ։

«Ընկերության աշխատակիցն ու տնօրենը, իմանալով մրցույթում Ընկերության հաղթանակը երաշխավորված լինելու մասին և օգտվելով մրցույթում փաստացի մրցակից չունենալու հանգամանքից, 50 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամով ավելացրել են ծրագրի արժեքը, և մրցույթում հաղթող է ճանաչվել 1մլն. դոլարին համարժեք՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գին առաջարկած ընկերությունը այն դեպքում, երբ մրցույթից ապօրինի հեռացված Հիմնադրամի գնառաջարկը կազմել է 108մլն. ՀՀ դրամ», — կարդում ենք ՔԿ տարածած տեքստում։

Հիմնադրամը դիմել է դատարան ընդդեմ նախարարության և հաղթել է, իսկ նախարարությունը քննարկել է նոր մրցույթ անցկացնելու հարցը: Այս  հատվածում ՔԿ հաղորդագրությունն այնքան էլ պարզ չի։ Դրանից հետևում է, որ նախարարը իր տեղակալին, «նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գննման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է: Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամի և պետության օրինական շահերին”։

Անհասկանալի այս դրվագի շուրջ Forrights.am-ը հարցեր ուղղեցինք փաստաբան Տիգրան Եգորանին։

— Ասված է, որ նոր  մցույթի հարց են քննարկել, բայց արդյո՞ք հայտարարված մրցույթը չեղարկվել է, արդյո՞ք նոր մրցույթ է հայտարարվել և ինչո՞ւ է ֆիննախին 400 մլն դրամի հայտ ներկայացրել, եթե ընկերություններից մեկը մոտ 108 մլն դրամի հայտ էր ներկայացրել, մյուսի գնային առաջարկն էլ  392 մլն էր։ 

—Երբ որ մրցույթը տեղի է ունեցել, դրանից հետո պետք է ներկայացվի հայտ, որպեսզի այն ընդգրկվի բյուջե։ Բայց քանի որ հաղթելուց հետո մյուս կողմը բողոքարկել էր, հայտը չէր ներկայացվել, պայմանագիր չէր կնքվել, սպասել են վեճի ավարտին։ Դատական ակտն եղել է հուլիսին, սակայն ուժի մեջ է մտել օգոստոսի վերջին, իսկ նախարարը, մինչ այդ պարզելով, որ հայտը չի ուղարկվել, հրահանգել է, որ այն ուղարկեն։ 400 մլն են ուղարկել, որովհետև գնային առաջարկներից մեկը եղել է 108 մլն, մյուսը՝ մոտ 400, և որն էլ հաղթեր, 400 մլն-ի մեջ տեղավորվելու էին։ Սա շատ պարզ հաշվարկ է։

— Քննչական կոմիտեն ասում է, որ Քերոբյանը հանձնարարություններ է տվել իր աշխատողներին մրցույթի հետ կապված, բազմաթիվ քննարկումներ են եղել նրա հանձնարարությամբ, որ փաստաթղթեր է ցույց տվել մյուս կողմին, ի՞նչ փաստաթղթերի մասին է  խոսքը, ի՞նչ  հանձնարարությունների, ո՞րն է հանցանքը։

-Այդտեղ կան մանիպուլյատիվ հարցեր, որոնց շուրջ այս պահին չեմ կարող խոսել։ Կարող եմ ասել, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալներն ի օգուտ Քերոբյանի են։ Պարզվում է, նա ուղիղ հակառակ հանձնարարություններ է տվել։ Այլ հարց է, թե դրանցից ո՞րն է եղել հանցակազմ պարունակողը և  արդյոք այդպիսին եղել է, թե ոչ։ Փաստաթղթերի  մեծ մասը, որոնց մասին հայտնում է ՔԿ-ն, հասանելի է եղել երկու կողմերին էլ։ Սա պարզապես տպավորություն ստեղծող թեմա է։ Քննիչները երդվում են հոր արև, որ էս փակ թղթերի մեջ սա է, ես էլ ասում եմ՝ ոչ։ Երբ որ իրենք կբացեն այդ թղթերը, նոր  մենք էլ մերը կասենք»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest