Մարտի 1-ից 16 տարի անց մարդիկ սպասում են արդարության

2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, ամռանը գրեթե ամեն օր Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն էին ներկայանում մարդիկ, որոնք 10 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-2-ի օրը բռնությունների էին ենթարկվել, կամ դրանց ականատեսն էին եղել, սակայն անցած տասը տարիների ընթացքում վախեցել են բարձրաձայնել իրենց հետ կատարվածի մասին, խուսափել են դիմել «մարմիններին»՝ չհավատալով արդարադատությանը։

Նրանք նաեւ իրենց բռնությունների ենթարկած քննիչների, ոստիկանների անուններ էին տալիս, իսկ Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվն օր օրի ավելանում էր։ Անգամ արտասահմանյան երկրներից էին մարդիկ գալիս Հայաստան, Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու։

Այն ժամանակ հավատ կար, որ նոր իշխանությունը, որի ղեկավարը Մարտի 1-ին մինչև ողբերգական օրվա ավարտը մենակ չթողեց ցուցարարներին, կբացահայտի զարհուրելի հանցագործությունը։ Բայց բազմաթիվ ցուցմունքներ այդպես էլ մնացին թղթի վրա։ Վկաներից շատերին այդպես էլ չկանչեցին հարցաքննության, կամ առերեսումների։

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարել էր․ «Մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է․․․ Եվ, էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից»։

Այսօր ցուցարարների գնդակահարությունից 16 տարի անց Մարտի 1-ի գործը վաղեմությամբ կարճված է։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը «Մարտի 1»-ի վարույթով՝ Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով, դիմել է Սահմանադրական դատարան։ Մարդիկ դեռ վերջակետ չեն դնում, սպասում են արդարության։

Forrights.am-ի զրուցակիցները համարում են, որ նման հանցագործոթյունները չունեն վաղեմության ժամկետ։

Աննա Էլոյանը, Մարտի 1-ի տասը զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի նախկին կինը, ասում է․  «Իհարկե, մեզ համար փակված չի Մարտի Մեկը։ Ո՞նց կարելի է դա մոռանալ։ Բայց երկրի ղեկավարության համար փակված է։ Շատերը արդեն չեն հիշում այդ օրը։ Երբ ես ներկայանում եմ որպես Մարտի Մեկի զոհ Արմեն Ֆարմանյանի կին, ինձ ասում են՝ ի՞նչ Մարտի 1, ի՞նչ է եղել, որ»։

Մարտի 1-ին զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով արդեն բավական ժամանակ գտնվում է Բելգիայի Նամյուր քաղաքում, խոստացել է․ կվերադառնա, երբ իրոք ակտիվ գործողություններ տեսնի։ Հիմ՞ա էլ եք այդպես մտածում։ «Այո։ Եթե բացահայտվի ու մեծ–մեծ խոսող նախկին նախագահ հանցագործները պատժվեն, կգամ։ Հիմա իրենք իրենց ավելի վատ են պահում, քան մինչև 2018 թվականը։ 16 տարի անց հեղափոխությամբ եկած իշխանությունը ոչ միայն չբացահայտեց Մարտի 1-ը, այլև անցյալ տարի փակեց այդ էջը վաղեմության ժամկետի կիրառմամբ», — ասում է մայրը։

Ամեն տարի նա Մարտի 1-ին գալիս էր Հայաստան, այցելում էր որդու գերեզման, ծաղիկներ էր դնում, ահռելի ծաղկեփնջեր, խոսում էր հետը։ Այս անգամ չեկավ։ Ինչո՞ւ։ «Նիկոլը՝ Մյասնիկյանի արձանի մոտ, մենք ծնողներով․․․ էնքան հավատ կար ամեն ինչի հանդեպ։ Մի տեսակ, ահավոր կոտրված եմ մեր երկրի պահով։ Չգիտեմ, ո՞նց պիտի լինի, ո՞րն է ճիշտ ու ո՞ւր ենք գնում», — պատասխանում է Ալլա Հովհաննիսյանը։

Ինչո՞ւ չբացահայտվեց, ձեր կարծիքով։ «Չբացահայտվեց, որովհետև չկար քաղաքական կամք։ Իսկ ինչո՞ւ  չկար կամք՝ այդ հարցին ես դժվարանում եմ պատասխանել։ Դա կարող էլ լինել արտաքին ուժերի ազդեցության տակ, դա կարող էր լինել նաև այսօրվա ձեռնտու ընդդիմության ձեռամբ, որը գոյութուն ունի իշխանության համար։ Ոչ, չեմ համակերպվել և երբեք չեմ համակերպվի, և իմ հույսը չեմ կորցնի։ Համոզված եմ, որ մի օր այդ արհավիրքը բացահայտվելու է, բայց ոչ այս իշխանության օրոք։ Ես երբեք չեմ պատկերացրել, որ Փաշինյանը իշխանության գալով, չի բացահայտի Մարտի 1-ը։ Ես ողջունել եմ հեղափոխությունը ու երբեւէ կասկած չեմ ունեցել այն ժամանակ, որ մարդասպաններին պատժելու են։ Այն Նիկոլը, որին ճանաչել եմ  մեր պայքարի 5 տարիների ընթացքում, հիմա նույն մարդը չի։ Ես նրան չեմ ճանաչում։ Չգիտեմ, թե ինչն է նրան այդպես փոխել, բայց այսօր  Նիկոլը դարձավ Մարտի 1-ի էջը փակելու գլխավոր  պատասխանատուն։ Ու այսօր, որ Սերժը ցինիկաբար պատասխանում է, թե տեղին ու ժամանակին կրակել ենք, նաև այսօրվա ընդդիմության Մարտի մեկի հետ կապված այս ցինիկ պահվածքի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Նրանք պետք է ճաղերի հետևում լինեին։ Եթե  նրանք ճաղերի հետևում լինեին ու արդարադատությունը հաղթեր, մենք հիմա այլ Հայաստան կունենայինք։ Ես որ նայում եմ, Հայաստանում այսօր ոչ մի ոլորտ, ոչ մի հարց կարգավորված չի»։

Ի վերջո, ինչո՞ւ ոչ ոք չպատժվեց Մարտի 1-ի համար։ Պարզից էլ պարզ էր, ով այդ օրը ժողովրդին գլխավորում էր, որը հետո կալանավայրում հայտնվեց Մարտի մեկի գործով, պետք է հետամուտ լիներ դրա բացահայտմանը։

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի (Lehigh University) դասախոս Արման Գրիգորյանը Forrights.am-ի հարցին պատասխանում է․  «Ես կարծում եմ, որ ոչ ոք չպատժվեց Մարտի 1-ի համար երկու պատճառով։ Նախ, դա կարևոր առաջնահերթություն չէր Փաշինյանի կառավարության համար։ Երկրորդ՝ ինչպես բոլոր մյուս հարցերում, այս հարցում նույնպես դրսևորվեց նրանց անկոմպետենտությունը։ Կարծում եմ նաև, որ հատկապես պատերազմից հետո Մարտի 1-ի մեղավորները Փաշինյանին պետք էին որպես հարմար քաղաքական ընդդիմություն։ Քանի այդ մարդիկ են նրա հիմնական ընդդիմությունը, Փաշինյանը կարող է վստահ լինել, որ նրա դեմ հանրային լուրջ կոնսոլիդացիա հնարավոր չի լինի ապահովել»։

Գյումրեցի ազատամարտիկ Սերիկ Տոնոյանը Մարտի 1-ին փողոց դուրս եկած ցուցարարներից էր, ովքեր հայտնվեցին նաև ոստիկանական բռնութունների  կիզակետում։

«Ո՞նց կարող է նորմալ մարդը մոռանալ Մարտի Մեկը։ Չնայած՝ մի ամբողջ Արցախ հանձնեցին, ու շատերը չեն հիշում, Մարտի Մե՞կ կհիշեն։ Ես կասեի՝ Մարտի մեկի էջի փակումը Արցախը հանձնելու  նախերգանքն էր։ Լավ է, որ գոնե ադեկվատ մարդկանց ու ուժերի կողմից ամեն տարի հիշատակի օր են անում, որ գոնե ազգը չմոռանա, դառնա անհուշ, անկենսագրություն ազգ։  Չլիներ Մարտի 1-ը փակելու լուռ համաձայնությունը մեր ազգի կողմից,  հաստատ չեր լինի ԼՂՀ- ի հանձնումը», — ասում է նա։ Ուրախ է, որ ընկերների նման հեղափոխությունից հետո չգնաց ու «չգրեց» քննիչների դեմ։ «Ինչպես տեսար, էդ ամբողջ Մարտի 1-ի գործը բլեֆ էր։ Ոչ մեկն էլ չնստեց։ Փակին՝ գնաց»։

Սյուզան Սիմոնյան

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest