Հայաստանի այլ պետական կառույցների համեմատությամբ ոստիկանության նկատմամբ վստահության ցուցանիշները համեմատաբար բարձր են։ Նման եզրահանգման են եկել Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության հեղինակները՝ գնահատելով ոստիկանության բարեփոխումների 2020-2023 թվականի գործողությունների ծրագիրը։

Այսպես, ԵԱՀԿ պատվերով անցկացված 2022-ին ուսումնասիրության համաձայն, հարցվածների 58 տոկոսը նշել է, որ իրենք «լիակատար կամ բավականին մեծ վստահություն ունեն» ոստիկանության նկատմամբ։ Նույն կերպ հանրային ծառայությունից գոհունակության 58 տոկոս ցուցանիշ է արձանագրվել 2023 թվականին գարնանը։

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից բխող հիմնական գործողությունը պարեկային ծառայության ներդրումն է եղել, ինչի նպատակով ոստիկանության կրթահամալիրում հատուկ ծրագիր է իրականացվել։ Դրա ընթացքում ներդրվել ու կիրառվել են ուսուցման ժամանակակից մեթոդներ։ Ըստ ուսումնասիրության, երբ պարեկներին հարց է տրվել, թե ուսուցման ինչպիսի մեթոդներ են նախընտրում, մի քանիսը նշել են դասախոսությունը, իսկ մեծամասնությունը՝ 65 տոկոս, նախընտրել է զրույցները և քննարկումները, 56 տոկոսը՝ փոխգործուն լսարանային քննարկումները, իկ 41 տոկոսը՝ դերախաղերը։

2023-ին ոստիկանական համակարգում ներդրվել է վարձատրության նոր համակարգ, որի համաձայն, ատեստավորում անցած ոստիկանները բարձր կվարձատրվեն ու կստանան սոցիալական երաշխիքներ։ Արդյունքում՝ 12 հազար ոստիկաններից միայն 89-ն է ընդունվել Կրթահամալիր ատեստավորման։ Նկատենք՝ ատեստավորումը ոստիկանական համակարգում կամավոր է։

Երևանում 75 տոկոսը դրական փոփոխություն է նկատել պարեկների աշխատանքի արդյունքում

Ներքին գործերի նախարարությունը Հայաստանում ստեղծվել է 2023 թվականի սկզբին։ Երկար տարիներ ոստռիկանությունը գործում էր ՀՀ վարչապետի ենթակայության ներքո։ 2019 թվականին, երբ վերսկսվել է Ոստիկանության բարեփոխումների գործընթացը, պարզ է դարձել, որ ոստիկանության կառավարման կառույցներում բացակայում է ինստիտուցիոնալ շերտը, ինչը թույլ կտար պլանավորել, նախագծել, համակարգել ու վերահսկել քաղաքականությունը։ Անհրաժեշտություն է առաջացել ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում էլ կգործեր ոստիկանությունը։ «Նախարարության ստեղծումը կապահովի թափանցիկության ավելի բարձրաստիճան և ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն», -նշվում է ռազմավարության մեջ։

2023-ի մայիսին վարչապետի որոշմամբ, հաստատվել էր ՆԳՆ հաստիքացուցակը և օպտիմալացման արդյունքում նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում 629 հաստիք է կրճատվել։ Այժմ ՆԳՆ-ին և դրա ենթակա մարմիններին վերապահված գործառույթների իրականացումն ապահովում են 2728 հաստիքներ, որոնցից 15-ը՝ ՆԳՆ, 2070-ը՝ ոստիկանություն, 361-ը՝ ԱԻՆ, 268-ը՝ փրկարար ծառայություն և 14-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։

Պարեկային ոստիկանության ստեղծումն ու Ներքին գործերի նախարարության ձևավորումը ոստիկանության բարեփոխումների ռազմավարության «ամենանշանակալի նվաճումներից» են համարվում։

Հայաստանի ոստիկանության վերաբերյալ վերջին ուսումնասիրությունը, որը ԵԱՀԿ-ի պատվերով 2023-ի մայիսին իրականացրել է International Marketing Research կազմակերպությունը, վկայում է, որ հարցվածների 59 տոկոսը անցած յոթ ամիսների ընթացքում ոստիկանության աշխատանքը համարել է «տեսանելիորեն կամ որոշակիորեն բարելավված», իսկ Երևանի բնակիչների 75 տոկոսը մայրաքաղաքում պարեկային ոստիկանության ներդրումից հետո «զգալի կամ որոշակի դրական փոփոխություն» է տեսել ոստիկանության աշխատանքում։

Հիմնական փոփոխություն է համարվում «ավելի քաղաքավարի, մասնագիտական հաղորդակցումը» և «օրինականության ավելի բարձր աստիճանը»։

Նույն ուսումնասիրությունը վկայում է, որ ոստիկանության պարեկային ծառայության գործառույթներից ամենադրական գնահատականների արժանացել է երթևեկության, քաղաքացիների անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման ուղղությունները։ Ուսումնասիրության արդյունքներն, այնուամենայնիվ, վկայում են, որ համայնքային ոստիկանության բնագավառում, ինչպես նաև ընտանեկան բռնության և այլ հանցագործությունների բնագավառում բարելավումների անհրաժեշտություն կա։

Ոստիկանության բարեփոխումների մասին իրազեկումը կաղել է

Հայաստանում ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ 2022 թվականի հարցման արդյունքներով, որն իրականացրել էր IMR կազմակերպությունը ԵԱՀԿ-ի պատվերով, ՀՀ բնակչության շրջանում ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ իրազեկության աստիճանը համեմատաբար բարձր է եղել՝ 48 տոկոս։ Այդուհանդերձ, նշվում է, որ հարցմանը մասնակցած բնակչության 35 տոկոսն ընդհանրապես պատկերացում չունի բարեփոխումների մասին։ Բարեփոխումներին ծանոթ անձանցից 73 տոկոսը տեղյակ էր ոստիկանության պարեկային ծառայության ներդրումից, իսկ 14 տոկոսը տեղյակ էր ներքին գործերի նախարարության ստեղծումից։

Ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների այս գնահատումն իրականացրել է ԵԱՀԿ փորձագետ Լաուրի Տաբուրը։ Նշվում է, որ գնահատման աշխատանքներն իրականացվել են 2023 թվականի մայիս-հուլիս ամիսներին՝ 2023-ի մայիսին տեղերում անցկացված հանդիպումների, ընտրված հիմնական շահագրգիռ կողմերի հետ հարցազրույցների և 2023-ի հունիս-հուլիսին առցանց հանդիպումների միջոցով։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest