Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերբար վստահեցնում է, որ իր կառավարությունը հոգատար է Լեռնային ղարաբաղից բռնի տեղահանված  անձանց հանդեպ, նրանց անվանում է «մեր քույրեր և եղբայրներ», նրա ղեկավարած կառավարությունը ակնհայտ կամայական մոտեցում է ցուցաբերում տեղահանվածների հանդեպ։

Աջակցության 3 հիմնական ծրագրեր են իրականացվում բռնի տեղահանված արցախցիների համար՝ միանվագ 100 հազար դրամ տրամնադրելու ծրագիրը, «40+10″ օգնությունը, որով մարդիկ պետք է տան վարձ ու կոմունալ տան և որը գործելու է 6 ամիս՝ մինչև մարտ, ապա նաև 50 000 դրամ աջակցության ծրագիրը, որը երկու ամիս է գործելու։ Սակայն քիչ են շահառուները, որոնք լիարժեքորեն օգտվել են բոլոր ծրագրերից։ Հիմնականում դրանք թերի են իրականացվում։ Միասնական սոցիալական ծառայությունը, բանկերը ամեն պատրվակ օգտագործում են արցախցիների գումարները կտրելու համար։

Դժվար է ասել, թե սա անփութության, ծրագրային խնդիրների հետևանք է, թե դիտավորյալ է արվում, արցախցիներին Հայաստանի Հանրապետությւոնից դուրս մղելու համար, նրանց ստիպելու, որ բռնեն արտագաղթի ճանապարհը։

Օրինակները բազմաթիվ են։ Երեկ միայն Forrights.am երկու նման բողոք է ստացել։

«Ոսկիս գրավ  դրեցի, հիմա նստած սպասում եմ»

Մարինա Զախարյանը երիտասարդ միայնակ մայր է, որն արդեն երկու անգամ տուն է կորցրել։ Մեկը 44–օրյա պատերազմից հետո, երբ ընկավ Շուշին, և երկրորդ անգամ՝ Ստեփանակերտի մայրական բնակարանը։

Մոր, ծանր հիվանդ պապի և փոքրիկ դստեր հետ գաղթի ճանապարհը հաղթահարեց 3 օրում։ Երևանում պապը մահացավ, այդպես էլ ուշքի չգալով բարդ ճանապարհից։ Մարինան վստահ էր, որ բուժքրոջ  15 տարվա աշխատանքային ստաժով կկարողանա տեղավորվել բուժհաստատություններից մեկում և նոր կյանք կառուցել իր, մայրիկի և դստեր համար։ Բայց 100 հազարդրամները արագ ծախսվեցին Երևանի ծայրամասում տուն վարձելու և մի քանի ամիս դիմանալու վրա, իսկ աշխատանք նա չգտավ, թեւ տասնյակ բուժհիմնարկներ այցելեց այս ընթացքում։

«Ես Երևան քաղաքը, տրանսպորտը վատ գիտեմ, մեքենաս վաղուց կանգնեցրել եմ, որովհետև բենզին գնել չեմ կարողանում, ստիպված էի մի կերպ ոտքով գնալ այդ բուժհիմնարկները, հաճախ մոլորվելով, սխալ ավտոբուս նստելով։ Ամեն տեղ ինձ բարեհամբույր ընդունում էին, գրավոր ինքնակենսագրությունս է՝ին վերցնում, ու հետո սիրալիր մերժում։ Չգիտեմ, երևի, արցախցի եմ, դրա համար չեն ընդւնում աշխատանքի”, – ասում է Մարինեն։

50 հազար և 40+10 հազար դրամների աջակցությունը նրան շատ կօգներ, բայց գումարները ծայրահեղ անկանոն են գալիս։ «Մայրս ստացել է, իսկ ինձ չեն տալիս; Չեմ հասկանում, ինչու։ 2023 թվականի նոյեմբերի 7–ին և 11–ին լրացրել եմ դիմումներ ընտնիքիս բոլոր անդամների համար, բայց ծրագրային խնդիրների պատճառով իմ և աղջկաս՝ Մանե Զաքարյանի տվյալները դուրս են մնացել ծրագրից։ Փետրվարի 19–ին նոր դիմում եմ գրել, հայտնելով, որ չեմ ստանում 40+10 գումարը, մեզ ասել են, որ մեր անվամբ դիմում չկա, ստիպված նորից եմ դիմում գրել։ Մինչև այսօր պատասխան չկա, իսկ ես նստած սպասում եմ, որ փողս նստի, որ տան վարձը վճարեմ։ Անցյալ ամիս էլ չենք ստացել, գնացին, ոսկիս գրավ  դրեցի, հիմա նստած սպասում եմ, չգիտեմ, ինչ անել”, – ասում է Մարինե Զաքարյանը։

Միասնական սոցիալական ծառայությունից Մարինեին պատասխանել են, որ եթե դիմումը չկա, ուրեմն, այդ գումարը այլևս չկա։ «Ասենք, թե դիմումները ինչ–ինչ պատճառներով չեն հասել, բայց ո՞ւր պետք է կորեր այդ գումարը, եթե պետությունը ինձ ու իմ երեխայի անունով այդ փողերը դուրս է գրել։ Ո՞վ է դրանք յուրացրել և ինչու», – հարցնում է Մարինե Զաքարյանը։

Նույն իրավիճակում է զոհված զինծառայողի այրի Մելինե Ավանեսյանը, Հադրութից, ապա նաև Ստեփանակերտից տեղահանված։  6 հոգանոց ընտանիքով՝ երեք երեխաների, սկեսրոջ և սկեսրայրի հետ նա բնակվում է Երևանում,  Նորագյուղ թաղամասի փոքրիկ երկուսենյականոց տանը, որի համար ընտանիքը վճարում է ամսական 250 հազար դրամ։

«Ռուսի հույսով գնացինք, բայց ռուսը մեզ դավաճանեց»

Ամուսինը՝ Գևորգ Ավանեսյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19–ին, Շուշիից դեպի ներքեւ գտնվող դիրքերում։

Մելինե Ավանեսյանը շատ է փոշմանել, որ 2020 թվականին Հայաստանից, որտեղ նա հանգրվանել էր 44–օրյա պատերամզից հետո, կրկին հետ գնաց Արցախի Հանրապետություն։ «Ասեցի՝ ռուսը կպահի մեզ։ Ռուսի հույսով գնացինք, բայց ռուսը մեզ դավաճանեց։ Ամեն օր ռուսին անիծում եմ։ Ռուսները ոչինչ չարեցին, ոչինչ։ Մեր իշխանությունն էլ մեզ ասեց՝ ամեն ինչ լավ կլինի, ռուսը նոր բազա կդնի մեզ համար, մեզ խաբեց։ Գնացինք հետ, ամուսինս մտավ Ցորի պոլկումը ծառայության, որպես շարքային։ Մինչ էդ Հադրութի Քյուրաթաղ գյուղում մենք մեծ տուն ունեինք, տնտեսությւոն, նա գյուղտնտեսությամբ էր զբաղվում, ամեն ինչ ունեինք, բայց Ստեփանակերտում, արդեն վերադառնալուց հետո ստիպված զինվոր դարձավ։ Ես էլ սադիկում էի աշխատում, օգնական էի»։

Ամուսնուն վերջին անգամ տեսավ 2023 թվականի սեպտեմբերի 15–ին, երբ նա գնաց Շուշիի մոտկայքում գտնվող դիրքեր, իսկ լսեց սեպտեմբերի 18–ին։ Ամուսինը Մելինեին հեռախոսով ասեց․ «Կուտակումները շատ են, չգիտեմ, ինչ կլինի, երեխեքին լավ պահի»։ Գևորգի վերջին բառերն էին։ Նրա մարմինը Մելինեին հասավ 5 օր որոնումներից հետո։ Մելինեի հարազատները թույլ չտվեցին, որ նա տեսնի ամուսնու դիակը։ Ասեցին՝ մի մտածի, լավ վիճակում է մարմինը։

Երևանում 6 հոգանոց ընտանիքը ապրում է մեծ սեփական շենքում։ Տան տերը Ռուսաստանում է։ «Հյուրանոցի նման տեղ է։ Թանկ։ Նենց չի, որ ես ուզում եմ անպայման Երևանում մնամ, չեմ էլ ուզում ստեղ։ Միակ պահող բանը Եռաբլուրն է, եթե հեռու լինեմ, ոնց եմ գնալու”, – ասում է Մելինեն։

Նա ծայրահեղ կարիքի մեջ է։ Լվացքի մեքենայից մի քանի ընտանիք է օգտագործում, գազ չկա, հագուստի ու անկողնային իրերի կարիք ունի։ Միակ աշխատողը 18 տարեկան որդին է։ Եւ աշխատում է դեղագործական ֆաբրիկայում, և սովորում է։ Մելինեն վատառողջ է, բայց աշխատանք է փնտրում։ Որպես զոհվածի ընտանիք պետությունից, բացի 100 հազարներից, ոչինչ չի ստացել։ Անգամ բրնձի հատիկ։ 40+10 ծրագրից օգտվել է միայն Մելինեն։ Աղջկան արդեն 3 ամիս է, 40+10 հազարները չեն տվել։ «Ասել են՝ ծրագրային թերություն է, ասել են՝ նորից դիմում գրեք, գրել ենք, հետո ասել են՝ սպասի»։

Հ․Գ․ Մենք ուղարկել ենք Մելինե Ավանեսյանի դստեր և Մարինե Զաքարյանի տվյլաները աշխատանքի և սոցիալական աջակցության նախարարություն։ Սպասում ենք պատասխանի։

Սյուզան Սիմոնյան

 

 

Pin It on Pinterest