34-ամյա Հայասեր Սաֆարյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո գերության մեջ է հայտնվել։ Նա այնտեղ բռնությունների է ենթարկվել և առողջական խնդիրներ ձեռ բերել։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում պատմում է եղբայրը՝ Անդրանիկ Սաֆարյանը։

«Վեց օր պահել են եղբորս, ամեն օր ծեծել են, բաց վրանի տակ են պահել։ Ախպերս պատմել է, որ ծեծել են, ձեռքերը կապած տարել են զուգարան, բերել։ Առանց հացի ու ջրի են պահել, բաց վրանի մեջ»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Անդրանիկը։

Հայասերը Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից է։ Գերության մեջ հանդիպել է հորաքրոջը և քեռու կնոջը՝ Էլմիրա Աբրահամյանին։ Forrights.am-ն արդեն անդրադարձել է 63-ամյա Էլմիրա Աբրահամյանի պատմությանը։

Հարազատները գերության մեջ են հայտնվել միմյանցից այնտեղյակ, ադրբեջանցի զինվորականները նրանց տարել են Քարվաճառ, որտեղ էլ հանդիպել են։

Եղբայրն ասում է, որ Հայասերը հրաժարվել է լքել Խնկավանը, չնայած մոր և մյուս հարազատների պնդումների որոշել է մնալ Արցախում։

«Կրակոցները, որ սկսվեց ախպերս, քեռիս, քեռուս կինը ասացին չենք գալիս, մնում ենք։ Եղբայրս ասում է՝ չեմ գալիս, թուրքերը մեր գյուղ չեն մտնելու, բայց Հայաստանի զորքը չկար, ոնց չէին մտնելու։ Ոչ մեկիս չէր լսում։  Թուրքերը բռնել են, տարել։ Եղբորս են տարել, քեռուս կնոջը՝ Էլմիրային, հորքուրիս՝ Վաղուհաս գյուղից, անունը Ալենա Սաֆարյան է։ Բոլորին տարել են Քելբաջար (Քարվաճառ)։ Հորքուրս մաքուր ադրբեջաներեն գիտի։ Մի կողմից Աստված է իրենց փրկել, մի կողմից հորքուրիս ադրբեջաներեն իմանալը»,-ասում է Անդրանիկը։

Հայասերն ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել։ Բռնության հետքերը տեսանելի են եղել մարմնի վրա։

«Աչքի տակը կապտած է եղել։ Հարցրեցինք, ասաց՝ թուրքերն (ադրբեջանցիները) են խփել, ասել են՝ քեզ սպանելու ենք։ Գլխին են խփել, հիմա հոգեկան առողջության կենտրոնում է։ Ինքը խնդիր ունեցել է, բայց ոչ այդ աստիճանի, որ հիվանդանոց տանեինք, շշմած էր։ Ասում էր, որ գլխին են խփել, դե թուրքին է գերի ընկել։ Գերությունից հետո դժվար էր խոսում, կակազում էր, առաջ չէր կակազում։ Հիմա մոտը լարված վիճակ է»,-եղբոր խնդիրները թվարկելով ասում է Անդրանիկը։

Ֆիզիկական բռնություններն ուղեկցվել են հոգեբանական բռնություններով։ Ադրբեջանցիները տեսարաններ են բեմադրել, տեսախցիկի առաջ հաց ու ջուր են տվել անպաշտպան արցախցիներին, իսկ, երբ քարոզչական նյութերի համար նախատեսված նկարահանումներն ավարտվել են, թույլ չեն տվել սնվել։

«Եղբայրս ասում էր, որ ադրբեջանցի երկու աղջիկ փոքր գդալով կաթ էին տալիս, նկարում էին, հետո ջուր էին լցնում կաթի վրա, ծաղրում էին։ Նկարել են, որ միջազգային հանրությանը ցույց տային, որ իրբ լավ են նայում։ Հորքուրս ասում էր, որ լրագրողներ են եկել, նկարել են, որ ձևական ցույց տային»։

Ըստ Անդրանիկի՝ Հայասերը վեց օր է գերության մեջ մնացել։ Ավելի վաղ Էլմիրա Աբրահամյանը Forrights.am-ին հայտնել էր, որ իրենց ադրբեջանցիները հանձնել են Կարմիր Խաչին։ Անդրանիկի փոխանցմամբ՝ Խնկավանից դուրս գալուց հետո եղբորը մեկ ամիս անց է տեսել՝ հոկտեմբերի վերջին։ Մինչ այդ Անդրանիկին լուրեր են հասել, որ ադրբեջանցիները Հայասերին սպանել են։ «Մեկ ամիս անհայտ է եղել մեզ համար, չգիտեինք, թե որտեղ էր»։

Հայասեր Սաֆարյանն այժմ բուժում է ստանում հոգեբուժական հիվանդանոցում, նրա հետ հանդիպել այս փուլում չհաջողվեց։

Նարեկ Կիրակոսյան

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարում՝ Հայասերի եղբայրն է, Անդրանիկ Սաֆարյանը

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest