«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է միջնորդություն ներկայացնել խնդրելով դատարանին ոխել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի, աշխատակից Լիլի Մկրյանի և նախկին աշխատակից Անի Գևորգյանի խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք՝ Անի Գևորգյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է:

«Այն կանայք, որոնք մանկահասակ բալիկներ ունեն և Աշոտ Հովհաննիսյանի մասով, այո, կա նման որոշում: խոսքը խմբակցության որոշման մասին է», այսօր խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նկատենք՝ նրանք էկոնոմիկայի նախարարության հետ կապված չարաշահումների գործով օրեր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը, նախարարության վարչություններից մեկի աշխատակիցը:

«Սիներջիի» ընկերության աշխատակիցները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Ընկերությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ հավաստիացնելով, որ իրենց գործընկերներն անմեղ են. «Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը։ Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։ Եվ այս համատեքստում ևս գործել ենք նույն սկզբունքով»:

Պաշտոնական վարկածի համաձայն պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը:

«Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը, որն այժմ կալանքի տակ է, մասնավորապես, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի` օժանդակել է պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների չարաշահմանը: Նա ունի 2 տարեկան մանկահասակ երեխա, որը մինչ օրս օգտվում է մայրական կաթից։

Փաստաբանը պնդել է, որ «Սիներջի» ընկերության աշխատակիցների նկատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը ընտրել է ամենախիստ խափանման միջոց կալանքը՝ իբրեւ անձանց պատշաճ վարքագիծը ապահովելու համար, այն հիմնավորմամբ, որ գործին խոչընդոտելու հիմքը մեծ մակարդակում է գտնվում, մինչդեռ դրա հիմքերը չկան։

Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ խոչընդոտելու հիմքն այնքան բարձր մակարդակի վրա է, որի զսպումը կարող է լինել միայն կալանքով։ Խոչընդոտելու հիմք է համարվում՝ նոր հանցանք կատարելը, փախուստի դիմելը եւ քննությանը խոչընդոտելը։ Փաստաբանի խոսքով, վարույթն իրականացնող մարմնի պնդումները հիմնավոր չեն, որովհետեւ գործի մեջ կան գաղտնալսումներ։

Բացի այդ, ըստ իրավաբանի, Քրեական դատավարության օրենսգրքով՝ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ քննիչն ի թիվս այլ հանգամանքների պետք է հաշվի առնի նաեւ մեղադրյալի սեռը և ընտանեկան դրությունը։ Այս նուրբ հանգամանքը հաշվի չի առնվել, կալանավորված երկու կանայք ունեն մանկահասակ երեխաներ։

«Այս դեպքում գործ ունենք տիկնանց հետ, ովքեր ունեն անչափահաս երեխաներ։ Ընտանեկան դրությունը եւս պետք է հաշվի առնել, իսկ այս պարագայում հաշվի չի առնվել։ ՀՀ նոր օրենքով ընդլայնված խափանման միջոցների ցանկ է նախատեսված, այդ թվում՝ տնային կալանքը, որը նախատեսված է այն բանի համար, որ հասարակությունը չընկալի կալանքը որպես պատժիչ միջոց։ Մենք տեսնում ենք, որ համատարած կալանքներ են կիրառվում՝ հաշվի չառնելով անձի սեռը, ընտանեկան դրությունը»,-հայտարարել է Ալեքսանյանը։

Փաստաբանը հայտարարել էր, որ վերաքննիչ բողոք են ներկայացնելու՝ բողոքարկելով կալանքի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest