ՀՀ Ներքին գործերի նախարար

Վահե Ղազարյանին (կրկնօրինակը`

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին)

ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության Ծառայության պետ Արմեն Ղազարյանին

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱՄԱԿ

Հարգարժան պարոն Ղազարյան,

մենք` Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքներով զբաղվող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներս, Ձեզ ենք ուղղում այս միասնական նամակը, որպեսզի բարձրաձայնենք Արցախից դեպի ՀՀ տարածք բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառման գործընթացում թույլ տրված բազմաթիվ խախտումները:

Ըստ մեր կազմակերպությունների հավաքագրած տվյալների` Արցախից բռնի տեղահանված 42.809 քաղաքացու` ՀՀ տարբեր բնակավայրերում հաշվառելուց առաջ հանել են իրենց նախկին բնակավայրի հաշվառումից:

Հարկ ենք համարում նշել, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ բնակչության ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմինը (ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայություն) լիազորված է իրականացնել միայն ՀՀ-ում բնակվող անձանց՝ ըստ բնակության վայրի հաշվառում: Իսկ ինչպես հաշվառումը, այնպես էլ հաշվառումից հանելը իրականացվում է միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերից:

Ընդ որում, ըստ նույն օրենքի՝ անձը կարող է ունենալ մշտական բնակության միայն մեկ վայր: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր կացարան: ՀՀ-ում մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

Նույն օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների վերլուծությունից երեւում է, որ անձի կողմից հաշվառման հասցեն փոխելու դիմում ստանալիս կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Օրենքում բացակայում է որեւէ դրույթ, որը լիազորում է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությանը, ՀՀ տարածքից դուրս գտնվող բնակության վայրերից անձին հաշվառումից հանելու վերաբերյալ: Առկա չէ նաեւ այդ մասին սահմանված ընթացակարգ: ՀՀ կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն որոշմամբ (բաժին 3) սահմանվում են բնակչության ռեգիստրում հաշվառումից հանելու դեպքերը, որոնք վերստին վերաբերում են բացառապես ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերում հաշվառումից հանելուն:

Վերը նշվածը վերստին ցույց է տալիս հաշվառման եւ հաշվառումից հանելու գործընթացի՝ միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերի/կացարանների մասով իրականացվելու հնարավորությունը: Սակայն Արցախից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ (փախստական) ստացած անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս լիազոր մարմինը վերջիններիս հանում է ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից:

Նույն վարքագիծը չի դրսևորվում, սակայն, ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած այլ օտարերկրացիների եւ փախստականների նկատմամբ: ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող այլ անձանց համար սահմանված չէ

ՀՀ-ում հաշվառվելիս այլ երկրի տարածքում վերջինիս հաշվառման հասցեից հանելուն վերաբերող որեւէ օրինական ընթացակարգ, նույն մոտեցումը պետք է լինի նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ: Հակառակ դեպքում, չարաշահվում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված՝ օրինականության եւ պետական մարմինների՝ միայն այնպիսի գործողություններ կատարելու սկզբունքը, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաեւ Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված՝ խտրականության արգելքի սկզբունքը, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ վարչարարության օրինականության, 7-րդ հոդվածով սահմանված՝ կամայականության արգելքի սկզբունքները, քանի որ լիազոր մարմնի կողմից ցուցաբերվում է տարբերակված մոտեցում նույնական հանգամանքներով դեպքերի նկատմամբ:

Հաշվի առնելով վերը գրյալը՝ հորդորում ենք Ներքին գործերի նախարարությանը. դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան: սեփական նախաձեռնությամբ վերացնել Արցախից մինչեւ այժմ բռնիտեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ անձնագրերում կատարված նշագրումները:

Նշված կետերը չբավարարելու դեպքում, եթե լիազոր մարմինը անվավեր չճանաչի իր կնիքով հաստատած հաշվառումից հանելու փաստաթղթերը, մենք ստիպված ենք լինելու կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան:

Հարգանքով,

«Հանուն Հադրութի» ՀԿ                                                   Լ. Հայրիյան

«Շուշիի դեօկուպացիա»                                                  Վ. Կարապետյան «

Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ                                            Դ. Եղիազարյան

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ                                              Կ. Մովսիսյան

«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ                                               Դ. Առուստամյան

«Արցախի Թեքեյան մշակութային միություն՛» ՀԿ             Ն. Մարտիրոսյան

«Արցախի Թեքեյան մշակութային միություն՛» ՀԿ            Ա. Թովմասյան

«Կենդանիների պաշտպանություն Արցախում» ՀԿ           Գ. Առստամյան Անունից

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ                                         Մ. Քարամյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest