Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, հայտնում է վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Փաստաթուղթն ընդունվել է ձայների 76 կողմ, 10 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակության 9 անդամներ և մեկ պատգամավոր էլ Ալբանիայից: Ձեռնպահ են մնացել երկու պատվիրակ Շվեյցարիայից և մեկական պատգամավոր էլ Նորվեգիայից ու Բոսնիա և Հերցեգովինայից:

Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Ավելի վաղ ԵԽԽՎ մոինիտորինգի հանձնաժողովը խորհուրդ էր տվել վեհաժողովի պատվիրակներին չհաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Բաքվի պատվիրակությունն, իր հերթին, այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը կառույցի հետ և մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։

Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում վեհաժողովը վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում կառույցը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները»:

Վեհաժողովը նաև խորը ափսոսանք է հայտնել, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest