Երևանում կողոպտել են Արցախից բռնի տեղահանված Ալիկ Սարգսյանին։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արցախցի տղամարդը։

Նրա փոխանցմամբ՝ ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել են անիվները փչող նոր սարքը, որը չէր հասցրել օգտագործել, պտուտակահանների հավաքածուն և այլ գործիքներ։ Ալիկ Սարգսյանը Forrights.am-ին հայտնեց, որ շուրջ 120 հազար դրամ արժողությամբ գործիքներ են իրենից գողացել։

Հունվարի 17-ին Ալիկ Սարգսյանը կնոջ և որդու հետ եկել են Երևան, ավտոմեքենան կայանել են մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում, այնտեղից մետրոյով գնացել Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների միասնակ գրասենյակ՝ անձը հաստատող փաստաթղթերի խնդիրները լուծելու նպատակով, որից հետո բանկից ստացել են ՀՀ կառավարության կողմից տրվող 50 հազար դրամի աջակցությունը, վերադարձել մեքենայի մոտ և տեսել, որ այն թալանված է։

Ալիկ Սարգսյանը դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, սակայն, դեռ նորություն չկա։

Ընտանիքը բռնի տեղահանվել էր Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից, այժմ վարձով բնակվում են Վայք քաղաքում։ Ունեն սոցիալական մի շարք խնդիրներ։ Ալիկ Սարգսյանը հույս ունի, որ իրավապահները կգտնեն իր գործիքները, որոնցով պետք է որոշակի աշխատանք իրականացներ՝ սոցիալական խնդիրները փոքր-ինչ հոգալու համար։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest