«Հայաստանի լրատվամիջոցների համար 2023թ.-ը բարդ տարի է եղել՝ լի հասարակական-քաղաքական սրացումներով։ Այդ իրավիճակում, ցավոք, լրագրողները և օպերատորները ենթարկվել են ֆիզիկական բռնությունների, եղել են ճնշումների դրսևորումներ. ատելության արտահայտում, սպառնալիքներ, անհարգալից վերաբերմունք։ Ցավոք, նկատվում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների աճի միտումը։ Վատն այն է, որ նաև իշխանությունների կողմից խտրական նախաձեռնություններ էին լինում, որոնք, կարծես թե, իրավական հիմքեր էին ստեղծում՝ էլ ավելի հաճախ մերժելու պաշտոնական տեղեկատվություն տրամադրելը»,-«ԽԱՊԿ տարեկան զեկույց»-ի շրջանակում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Ըստ «ԽԱՊԿ տարեկան զեկույց»-ի՝ եթե անցած տարվա առաջին երկու եռամսյակներին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել, ապա երրորդ և չորրորդ եռամսյակներին երեք-ական այդպիսի դեպքեր են գրանցվել, իսկ տարեկան ցուցանիշը վեցն է։ Լրագրողների հանդեպ ճնշումների քանակը 60-նն է, որոնք գրանցվել են բոլոր եռամսյակներում։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 135-նն են։ Համեմատելով 2022թ.-ի հետ՝ նախորդ տարվա ընթացքում ավելացել են նաև ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների դատական հայցերի քանակը։ Եթե նախորդ տարի եղել են այդպիսի 32 նոր գործ, ապա 2023թ.-ին 36 են եղել։

Մելիքյանի խոսքով՝ ի տարբերություն երկու՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փորձի և իշխանական պատգամավորների առաջարկած՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին օրենքի» նախագծի, որոնք այդպես էլ չիրագործվեցին՝ լրագրողական հանրությունը չի կարողացել բավականին լուրջ հակազդեցություն ցուցաբերել «Պետական գաղտնիքի» մասին օրենքը ընդունելիս, որովհետև, ըստ Մելիքյանի, իշխանությունները շատ համառ էին։

«Այդ օրենքի նախագծի հետ միասին փաթեթում ներառված էր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում մի փոքր լրացում անելը, փոքր, բայց շատ խնդրահարույց, այն է՝ պաշտոնական տվյալները տրամադրելու հարցումները ենթական են մերժման, եթե սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն է պարունակում։ Այս ձևակերպման տակ կարող է ընկնել պետական մարմիններում գտնվող գրեթե ցանկացած փաստաթուղթ։ Ես դժվարանում եմ մտաբերել, թե անցած 30 տարիների ընթացքում հավատարմագրումից զրկելու դեպք եղել է, թե չէ, բայց այն, որ սա այս իշխանությունների օրոք արդեն երկրորդ դեպքն է և ամենևին էլ արդարացված չէ, դա փաստ է»,-նշեց ԽԱՊԿ նախագահը։

Առաջին դեպքը Panorama.am-ի ֆոտոլրագրողին հավատարմագրումից զրկելու որոշումն էր, որը դատարանը շատ արագ չեղարկեց, որովհետև օրենքով նախատեսված չէր։ Ըստ երևույթին, իշխող կուսակցությունը որոշեց լրացում կատարել, որը 2021-22թթ.-երին կատարեց «ԶԼՄ մասին» օրենքում՝ նախատեսելով հավատարմագրման դադարեցում։ Ըստ Մելիքյանի՝ այն, որ ԱԺ-ում լրագրող- պատգամավոր, լրագրող-ԱԺ ղեկավարություն հարաբերությունները այդքան կոնֆլիկտային են, նաև խոսում է նրա մասին, որ փորձ չի կատարվում և՛ օրենսդրորեն, և՛ գործող կարգերը վերանայելուն, առողջացնելուն։

«Քնար Մանուկյանի (Ժողովուրդ օրաթերթի լրագրող) պարագայում խնդիրը նաև օրեսդրական է և ԱԺ-ում գործող կարգերին է վերաբերում։ Նախ «ԶԼՄ մասին» օրենքում փոփոխությունը, որը նախատեսել է լրագրողի հավատարմագրի դադարեցում, չի համապատասխանում միջազգային մոտեցումներին և նորմերին։ Իհարկե, այդ օրեսդրական փոփոխության հեղինակները մեկ-երկու օրինակ կարող են բերել, որ այդ երկրներում կա այս դրույթը, բայց մեծամասնությամբ՝ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ հրապարակումներում և այլն, ասում են, որ դա անլուրջ մոտեցում է։ Քաղաքական գործիչը և պետական մարմինը կարող են լրագրողի հետ կոնֆլիկտային իրավիճակները շատ հեշտ լուծել։ Շատ վատն են այն կարգերը, որոնք ընդունված են Ազգային ժողովում, գործող սահմանափակումները անհիմն են»,-ասաց Աշոտ Մեիլիքյանը։

Բացի այդ, քանի որ օրենքը նախատեսում է նույն լրագրողի կողմից երկու անգամ խախտման դեպքում հավատարմագրի դադարեցում, Մելիքյանի խոսքով՝ հատկապես առաջին դեպքը շատ խնդրահարույց էր, որովհետև նորից ԱԺ կարգերի հետ էր կապված։ Կարգում գրված է, որ լրագրողն իրավունք չունի նկարահանել անվտանգության աշխատակիցներին, բայց Քնար Մանուկյանը նկարահանել էր մի դրվագ, երբ անվտանգության աշխատակիցները հավաքվել էին նիստերի դահլիճի մոտ և պետք է մտնեին նիստերի դահլիճ այն պահին, երբ հրահանգ կլիներ։

«Դա հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմա էր։ Արդյո՞ք այդ կարգերը մտածողները մտածել են, որ այսպիսի իրավիճակ կարող է լինել և դա իսկապես լուսաբանման կարիք ունի և չոր արգելքն անտեղի է»,-նշեց նախագահը։

Տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունները՝ «Freedom House»-ը, «Human Rights Watch»-ը, «Լրագրողներ առանց սահմանների»-ն, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել են իրենց ամենամյա զեկույցները՝ անդրադառնալով նաև Հայաստանում խոսքի ազատությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը։ Ընդհանուր առմամբ՝ այս ոլորտում արձանագրվել է իրավիճակի բարելավում, սակայն մատնանշվել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված մեդիաոլորտը կարգավորող օրենսդրության հետ։

Ամբողջական զեկույցն այստեղ։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest