ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձևավորվել է քննչական խումբ։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ անհետաձգելի բոլոր ապացուցողական և դատավարական այլ գործողությունները՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest