«Մարմինդ, որ ջարդվի, ցավը կզգաս չէ՞, բայց էս ցավը ոչ մեկ չի զգում … ջարդված ենք, առանց հարազատ, առանց տուն, առանց աշխատանք»,-ասում է Արցախից բռնի տեղահանված Սիլվա Թաիրյանը։

Ծանր օրերը հիշելն ու դրանց մասին նորից խոսելը դժվար էր Սիլվայի համար, ասում է`  «ինչ կա, թող մեր մեջ մեռած մնա»:

Արցախում Ստեփանակերտում էին ապրում: Տեղահանվելուց հետո տեղավորվել են Արարատի մարզի Ռանչպար գյուղ, 11 հոգի են տանը։ Սիլվան պատմում է` բլոկադայի օրերը սովորական էին իրենց համար, արդեն երեք տարի է` այդ դրության մեջ են, հանգիստ չեն ապրում, բայց հոկտեմբերի 19-ին ոչ ոք չէր սպասում։

«Տանն էի, գործ էի անում։ Մեծ թոռնիկս եկել, ասում ա` տատիկ Հարավի (գյուղ է, որը շատ մոտ է Ստեփանակերտին) վրա հարձակվել են։ Շատ վախեցա։ Կես ժամ հետո գերեզմանների մոտ ընկավ սնարյադը։ Առաջին սնարյադը ընկել է մեր թաղամասում։ Էրեխեքը վախեցել էին։ 11 տարեկան մեծ թոռս է, 8 տարեկան էլ փոքրը։ Սնարյադի դեմը ոչինչ քեզ չի պահում, ուղղակի ապահովության համար իջել էինք ավտոտնակ։ Մենք երեք տարի է` այդ դրության մեջ ենք, երեք տարի հանգիստ չենք ապրում։ Հետո մեկը մյուսին նայելով՝ դուրս ենք եկել։»,-պատմում է Լարիսա Աթաջանյանը` Սիլվայի դստեր սկեսուրը, ով նույն տանն է ապրում։

Սիլվան պատմում է`Ստեփանակերտում տուն ու որդու մեքենաներն են թողել։ Այսպիսի իրավիճակի համար ոչ ոքի չի մեղադրում, չգիտի` ում մեղադրի։

«Ինչ անենք, որ այսպիսի իրավիճակում ենք հայտնվել։ Ոչ ոք մեղավոր չէ, ես չգիտեմ` ում պետք է մեղադրենք։ Այսքան ընտանիք է քանդվել և ոչ ոք մեզ պատասխան չի տալիս։ Վերջին օրերին քաղցրի պակաս է եղել, դոշաբ ենք գնել։ Ոչ ոքի չեմ ցանկանում այդ իրավիճակում ապրել, բայց մենք ամեն ինչին դիմացել ենք»:

Լարիսայի որդին`Հարություն Աթաջանյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ` 2020թ.-ի հոկտեմբերի 29-ին է զոհվել, նույն օրը, բայց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել է նաև Սիլվայի ամուսինը։ Սիլվան ցավով է պատմում` իր բախտն է ժառանգել դուստրը…

«Գերեզմանը մեկ տարի մնաց, ասացինք ոչինչ չի լինի, տարանք Արցախ։ Նրա չարչարված հողը չկա, ինքը չկա … գոնե գնում էինք իր մոտ, հիմա էդ հնարավորությունն էլ չունենք»,- պատմում է Լարիսան։

Հայաստան տեղափոխվելիս կարողացել են գոնե 20 լիտր բենզին գտնել, որ ճանապարհ ընկնեն։ Ճանապարհին շատ մեքենաներ փչացել են, իրենց մեքենան ևս բացառություն չի եղել։ Ուրիշ մեքենայով մի կերպ կարողացել են Գորիս հասնել։

Արդեն Հայաստանում հարազատները տարբեր տեղերում են տեղավորվել։

«Մի բարեկամս ստեղ ա, մի բարեկամս` Արտաշատ, սկի չեմ էլ ճանաչում Արտաշատը որտեղ ա, Երեվանն ինչ տեղ ա, որ գնամ, չեմ գնում, որովհետև ես իմ Ղարաբաղին եմ ծանոթ … համարյա 1 տարի բլոկադայի մեջ էինք, մեզ հույս է եղել, որ մեկը մեզ կօգնի։ Ես այսօր ասում եմ` երանի էն հացը ուտեի, բայց այստեղ չգայի, իմ տանը մնայի …»,- արցունքները խեղդելով ասում է Սիլվան։

Երեք ամիս է` թոշակ չեն ստանում ընտանիքում: Աշխատանք գտնելու փորձեր արել են։ Որոնումներից մի բան է հիշում Սիլվան, ակնհայտ է` նեղված է այդ դեպքից։

«Աշխատանքի համար գովազդ են տալիս` արցախցիների համար մաքրուհիներ, շատ լավ, բայց արցախցին համ կրթող մարդ ա եղել, մաքրող էլ ա եղել, ինչի արցախցին եկել ա ստեղ մենակ մաքրո՞ղ լինի, որ խորը մտածում ես դա ճի՞շտ գովազդ ա: Դու հայ ես, ես հայ եմ, կարող ա ես մի պատառ ուրիշ լեզվով եմ խոսում, իմ Ղարաբաղի բարբառով եմ խոսում, բայց հայ ենք բոլորս»:

Այն մտքին, որ Նոր տարուն մարդիկ միշտ հրաշքի սպասում ունեն ու հույս, Սիլվան ասում է` արդեն 4 տարի է, ինչ իրենք Ամանոր չեն նշում։

«Նոր տարվան պիտի տանը լինես, ուրախ պիտի լինես, չկա …։ Ես իմ ամբողջ կյանքում չեմ ուրախացել, ոչ ծնված օրը, ոչ Նոր տարուն …»,- արցունքները պահելով ասում է Սիլվան։

Քնարիկ Վարդանյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութի հեղինակ Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest