Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի անդամներն այցելել են ՊԵԿ քննչական գլխավոր վարչությունում պահվող ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները։

«Հանդիպման ընթացքում վերոնշյալ անձինք գոհունակություն են հայտնել կալանքի պայմաններից։ Նրանք նշեցին, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցների համար։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույց և էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից։ Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանձնել են Հայաստանից բերման ենթարկվածներին իրենց հարազատների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է կոմիտեի անդամներից Շիրինովը։

ԿԽՄԿ-ն հայտարարել է նաև Արցախի ձերբակալված ղեկավարներին այցելելու մասին։

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 29-ին բերման են ենթարկվել բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի կալանավորման մասին։

Ադրբեջանական գերության մեջ գտնվողների ճակատագիրը Հայաստանում արդի թեմա չէ. Անտարբերության տոն է հաղորդում իշխող կուսակցությունը, որը Արցախի հանձնման ողջ մեղքը վերագրում է նրա նախկին ու ներկա ղեկավարությանը։ Միևնույն ժամանակ, համառ լուրեր են պտտվում, որ Բաքուն պատրաստ է             նրանց փոխանակել «ավելի մեծ ձկների» հետ, մասնավորապես՝ Հայաստանի նախկին՝ «ղարաբաղյան» ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

Բաքուն, ըստ Բաքվի փորձագետ Իսմայիլովի, իր տրամադրության տակ ունի ձերբակալման ենթակա մինչև 200 հոգուց բաղկացած չհրապարակված ցուցակ։ «Դրանք միանշանակ ներառում են ինքնահռչակ հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, այդ թվում՝ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, առաջին պատերազմի դաշտային հրամանատարները և անձինք, որոնց նկատմամբ կան ռազմական հանցագործությունների ապացույցներ»,- նշեց փորձագետը։

Թերևս հարցը «լուծվի» «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո, որը ենթադրաբար կներառի «ադրբեջանական հողերի օկուպացման համար պատասխանատուներին պատժելու» կետ։ Հնարավոր է, որ այս կետի համաձայն, Հայաստանը կամ պետք է «ռազմական հանցագործներին» հանձնի Բաքվին, կամ համաձայնի միլիարդների փոխհատուցում վճարել։ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի նախկին ղեկավարությունը պետական միջոցների առյուծի բաժինն տարիներով ուղղել են Արցախին, որն «ակնհայտորեն չէր կարող պատկանել Հայաստանին», այլ կերպ ասած՝ օկուպացված էր։ Ընթացակարգային առումով «հանցագործների հանձնումը» հնարավոր կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո։

Արևմտյան կառավարությունները, որոնք պարբերաբար մեղադրում են Ալիևի ռեժիմին լրագրողների և արևմտամետ իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների ձերբակալության մեջ, երբեք չեն պահանջել ազատ արձակել Արցախի քաղաքական ղեկավարությանը և չեն խոսում Ալիևի կողմից միջազգային իրավունքի խախտման մասին՝ կապված բռնի ուժով հակամարտության լուծման և 100 հազար մարդու արտաքսման հետ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր հայտարարել է, որ Հայաստանում «խաչակրաց արշավանք» է հայտարարվել ղարաբաղյան ղեկավարության դեմ։ Նա որպես օրինակ բերեց վերջերս Երևանի կենտրոնական փողոցներից մեկում պաստառի ապամոնտաժումը, որտեղ պատկերված էին Ադրբեջանում առևանգված և պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները։

Հայաստանի իշխանությունները, քաղաքագետի տեսանկյունից, տարբեր մեղադրանքներ են հնչեցնում Ղարաբաղի ղեկավարության հասցեին, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի։ «Իրավիճակն այնքան անհեթեթ է, որ մեր ժողովրդից շատերը կարծում են, որ Ղարաբաղի ղեկավարները գտնվում են ադրբեջանական բանտերում փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների պատճառով»,- ասաց Սուրենյանցը։

Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ռեպրեսիաներ իրականացնել, կարծում է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Երեւանը սրան չի ընդդիմանա, չի պայքարի նրանց ազատման համար։ «Փաշինյանի համար նման սցենարն ընդունելի է, քանի որ ղարաբաղցի հայերի առաջնորդները նրա քաղաքական հակառակորդներն են»,- նշեց փորձագետը։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest