Իմ նկատմամբ կայացված դատավճիռը զուտ քաղաքական բնույթ ունի. այս քրեական գործի նպատակը ի սկզբանե եղել է վարկաբեկել ինձ և սահմանափակել իմ քաղաքական գործունեությունը, և օրենքն ու իրավունքը զոհաբերվել են այդ նպատակին: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարելէ հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով, իր նկատմամբ հարուցված քրեական գործը, հետո՝ դատավարությունը ռեկորդակիր է օրենքի և իրավունքի խախտումների առումով: «Այն հարուցվել է օրենքի խախտումով, փաստացի մի մերձիշխանական կիսալեգալ կայքի միջոցով կազմակերպված մատնության միջոցով: Այդ հիմքով ընդհանրապես քրական գործ չպետք է հարուցվեր:

Այդ գործը հարուցվել է մի հոդվածով, որը պետք է վերացվեր 2022-ի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող  քրեական նոր օրենսգրքով: Սակայն այդ վերացումից տառացիորեն մի քանի օր առաջ ՔՊ իշխող մեծամասնությունը ԱԺ-ում արագացված եղած քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածին ապօրինի կարկատան է կատարել, մի նախադասություն է ավելացրել, որով այս արարքը նորից քրեականացվել է: Ընդ որում նախատեսվել է ավելի խիստ պատիժ: Զարգացած որեւէ երկրում այսպիսի արարքը ընդհանրապես քրեականացված չէ»,-ընդգծել է Չալաբյանը:

Ըստ գործչի, դատական ամբողջ գործընթացը չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը՝ ապացուցել իր մեղքը. «Իմ մեղքը դատարանում իրականում ապացուցված չի և որևէ ապացույց չի ներկայացվել, որ այդ ամբողջ գործողությունները որևէ առնչություն ունեն որևէ հանրահավաքի հետ և այդ հարաբերությունները, որ առաջացել է Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի հետ, ընդհանրապես որևէ հանրահավքի հետ են կապված»։

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ գործող իշխանությունները չարաչար սխալվում են, եթե մտածում են, որ որեւէ դատավճռով կարելի է սահմանափակել մարդու հիմնարար իրավունքը:

«Մեր պայքարը շարունակվելու է՝ թե՛ իրավական, թե՛ հանրային, թե՛ քաղաքական հարթություններում: Մենք այս դատավճիռը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում: Մենք վճռական ենք անցնելու բոլոր դատական ատյաններով, դիմելու նաեւ ՍԴ, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ՄԻԵԴ։ Ոչինչ չի կարող ազդել մեր վճռականության վրա»,-ասել է Չալաբյանը:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ավետիք Չալաբյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատության սահմանափակման, որից հաշվանցվել է կալանքի կիրառման ժամանակահատվածը 1 տարի 11 ամիս։ Ըստ դատավճռի, նրան արգելվել է կազմակերպել և մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումներրի, ինչպես նաև փոխել բնակության վայրը առանց պատժի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի տեղեկության։

Չալաբյանը մեղադրվում էր անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest