2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է  102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։ Այդ մասին նշվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով և պահվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

«ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն  ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը։ Միաժամանակ պահանջում ենք ՀՀ կառավարությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից և այլ իրավապահ մարմիններից գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս», նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։

ՀՀ գլխավոր դատախազությունը արձագանքել է այս հայտարարությանը և տեղեկացրել, որ Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել:

«Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ: Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը», -նշվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest