Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կազմակերպած «ՀՀ քաղաքացուց փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» թեմայով քննարկման ժամանակ արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանն ասաց, որ Արցախից բռնի տեղահանված զինվորականներին, ովքեր ցանկություն են հայտնում ծառայել  ՀՀ Զինված ուժերում, առաջարկում են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Փաստաբանի տեղեկություններով՝ արդեն իսկ ՀՀ-ում ծառայության մեջ գտնվող արցախցի զինվորականներին էլ ստիպում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։

«Սրան զուգահեռ, Հայաստանի դատարաններում եւ նախաքննական մարմիններում քննվում են Արցախի Հանրապետության «070» կոդով անձնագրեր ունեցող զինծառայողների գործեր։ Նրանց մեղադրանքներ են առաջադրված, որ ենթադրյալ հանցանքներ են կատարել Արցախի Հանրապետության տարածքում։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե ՀՀ իշխանությունները համարում են, որ Արցախի Հանրապետության «070» կոդով անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ չեն, ապա ինչպե՞ս են նրանք հանդիսանում այդ հանցագործությունների սուբյեկտ։ Եթե ասում են, որ ՀՀ քաղաքացի չեք, ապա միանշանակ պետք է այդ բոլոր քրեական հետապնդումները դադարեցվեն, այլապես սա աբսուրդ է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ՀՀ-ում այսօր տարբեր քրեական գործերով անցնող արցախցի զինվորականները հետագայում թե՛ բարոյական, թե; գույքային փոխհատուցման համար հայցեր են ներկայացնելու ՀՀ իշխանությունների դեմ՝ իրենց նկատմամբ անօրինական քրեական հետապնդում իրականացնելու համար։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի անդամ Նարե Սիմոնյանը եւս հարցադրում արեց, թե ի՞նչ հիմքով են ՀՀ-ում քրեական գործեր հարուցվել արցախցի զինվորականների նկատմամբ։

«ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։ Այդ դեպքում ի՞նչ հանցանքի համար է դատվում Միքայել Արզումանյանը, ով, ըստ ՀՀ իշխանությունների, չի հանդիսանում ՀՀ քաղաքացի եւ գործունեություն է իրականացրել Հայաստանից դուրս։ Միքայել Արզումանյանի օրինակով եմ ասում, բայց կան տասնյակ այլ զինվորականներ։ Եթե այդ տարածքն Ադրբեջանի Հանրապետություն է, ՀՀ իշխանությունների բառամթերքով եմ ասում, եւ այդ քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ չեն, ի՞նչ հանցակազմով ու հիմքով են դատվում այդ զինվորականները»,- հարցադրում արեց Նարե Սիմոնյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest