Ազատությունը գրում է.

Հայաստանը նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրել Եվրոպական միության և անդամ երկրների հետ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով, երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը։

Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Միշելին։

Ընդգծելով, որ բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտումներն Ադրբեջանի կողմից և դրանց համար հետևանքների բացակայությունն ի վերջո հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը՝ Բալայանը շեշտել է՝ հարկավոր է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող բոլոր որոշումների կատարման և Ադրբեջանին՝ բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ։

Ըստ ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչության՝ դեսպանը Եվրոպական խորհրդի նախագահին մանրամասներ է հաղորդել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի օրեցօր ավելացող նկրտումների և խաղաղությանն ուղղված գործընթացը ձախողելու շարունակական փորձերի մասին, այդ թվում՝ Գրանադայում և Բրյուսելումնախատեսված բանակցություններին չներկայանալու իրական պատճառների վերաբերյալ։

Բալայանն ու Միշելը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի և հաղորդակցության ուղիների և ճանապարհների ապաշրջափակման հարցեր, Բալայանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և ընդգծել այն Եվրոպական միության «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության մեջ ներառելու կարևորությունը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest