Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Մանուկ Բադալյանը արդեն 7 ամիս է՝ կալանքի տակ է, և դատարանի որոշմամբ դեռ կալանքի տակ կմնա մինչև հունվարի 14-ը։
Բադալյանը, որի անունը նրա ցանկությամբ մինչև վերջերս ակտիվորեն չէր բարձրաձայնվում, մեղադրվում է 2020 թվականի պատերազմի ընթացքում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար։ Forrights.am-ը ավելի վաղ անդրադարձել էր այս քրեական գործին և տեղեկացրել, որ գնդապետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Դեռևս ապրիլի 18-ին տարածած հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն այս դեպքի վերաբերյալ տեղեկացրել էր․ «Ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բարձրաստիճան սպայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, ում կողմից միջնորդությունը բավարարվել է։
Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասին): Միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ երկամսյա ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է»։
41-ամյա Մանուկ Բադալյանի կյանքի կեսից ավելին՝ 22 տարին անցել է Հայաստանի Զինված ուժերում, տարբեր կարգավիճակներում։ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում նա Պաշտպանության բանակի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն է եղել, կոչումով՝ գնդապետ։ Պատերազմի թեժ օրերի ընթացքում հենց Մանուկ Բադալյանի մասնակցությամբ ՊՆ քարոզչամիջոց համարվող «Զինուժի» ռեպորտաժներից մեկով Մանուկ Բադալյանը ներկայացվում էր որպես հերոս, որն ամեն ինչ անում է այդ ծանր օրերին զինծառայողների բարոյահոգեբանական ոգին բարձր պահելու համար։
Այժմ նույն համակարգի ակտիվ ջանքերով Բադալյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին, և ինչպես նրա պաշտպաններն են ներկայացնում, ստիպված է անցնել խիստ վիրավորական դատական գործընթացների միջով։
Քրեական գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է, և դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ ընթացող նիստերում արդեն առաջին վկաների հարցաքննություններն են անցկացվել։ «Դատարանում տեղի ունեցած հարցաքննությունները ցրում են մեղադրանքը։ Ռազմաբժշկական հանձնաժողովի բժիշկները ցուցմունք են տվել, որոնց համաձայն, Մանուկ Բադալյանի մոտ այդ օրերին առկա այրվածքը միանշանակ խոչընդոտ էր, որպեսզի կարողանար իր ծառայողական պարտականությունները կատարել։ Վայքի բուժմիավորման բժիշկներն են հարցաքննվել, պարզվում է ՝ Մանուկ Բադալյանի մոտ առկա է եղել գլխուղեղի ցնցում։ Բոլոր վկաները, ովքեր ցուցմունք են տվել դատարանում, հաստատել են՝ Մանուկ Բադալյանի մոտ եղած վնասվածքները խոչընդոտել են, որ նա կարողանար իր ծառայողական պարտականությունները շարունակել կատարել և նրան ցուցված էր ստացիոնար բուժում», -Forrighst.am-ին ասում է Բադալյանի ներկայացուցիչ փաստաբան Արմինե Ֆանյանը։
Մանուկ Բադալյանի մոտ ախտորոշվել է 2-րդ աստիճանի այրվածք և գլխուղեղի ցնցում։ Երկու դեպքում էլ, ըստ փաստաբանի, բժիշկները խորհուրդ են ստացիոնար բուժում անցնել, հետևաբար նախաքննական մարմնի վարկածը հիվանդության սիմուլյացիա դրսևորելու մասին հօդս է ցնդում։
«Ես չգիտեմ՝ ինչպես են փորձագետները նման եզրակացություն տվել, բայց փաստ է, որ և Բադալյանին բուժող բժիշկները, և ռազմաբժշկականի բժիշկները միաբերան ասում են, որ ծնկահոդի հատվածում նման այրվածքներով ու ախտորոշմամբ նա չէր կարող լինել պատերազմի դաշտում։ Մենք լիահույս ենք, որ արդարացման վճիռ է կայացվելու, և Մանուկ Բադալյանը ազատություն է ստանալու», -ասում է Ֆանյանը։
Հնգամսյա կալանքից հետո հոկտեմբերին դատավոր Աբելյանի նախագահությամբ դատարանը 3 ամսով երկարաձգել է Բադալյանի կալանքի ժամկետը։ Դրանից հետո փաստաբանների միջնորդությունը կալանքի տեսակը փոխելու մասին նույն դատավորը մերժել է։ Արմինե Ֆանյանի կարծիքով, քանի որ քրեական գործը պատերազմի ընթացքի վերաբերյալ է, դատարանն այս փուլում կաշկանդված է։
«Մանուկ Բադալյանը իր կյանքի մեծ մասը նվիրել է հայրենիքին և անբասիր ծառայության համար բազմաթիվ տարբեր մեդալներով է պարգևատրվել։ Նա մաքուր ծառայողական ուղի անցած բարձրաստիճան սպա է։ Նա ոչ միայն չի կարող ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել, այլ իր համար ուղղակի ծայրաստիճան վիրավորական է գտնվել դատարանում այն էլ նման մեղադրանքով», -նշում է փաստաբանը։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: