Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել եւ թող ամեն օրը բոլորի կյանքում մի նոր բանի սկիզբ լինի: Կիրակի օրը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում այս խոսքերը հնչեցին` նվիրված այն տղաներին, որոնք տարբեր պատճառներով հաշմանդամություն ձեռք բերելուց հետո որոշել են նոր կյանք սկսել եւ զբաղվոլ պարով:
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի խոսքով՝ տղաներն ապացուցում են, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն եւ կամք:
«Ինչպես մեր տղաներն են սիրում ասել՝ սա ապացույց է, որ կարելի է նորից ապրել, հասնել հաջողությունների եւ բարձրունքների, որոնց մասին անգամ մտածել չենք կարող: Սա մեր տղաների համար մեծ հաղթանակ եւ ոգեւորություն էր: Այն կյանքին «այո» ասելու եւ ապրել շարունակելու մասին էր, բոլորին հույս տալու մեծ հնարավորություն էր: Սովորաբար իրենց են մխիթարում, քաջալերում, բայց այս անգամ իրենք բոլորիս քաջալերեցին»,-ասում է Հայկուհի Մինասյանը:
Համերգային ծրագրին ներկա էին տղաների հարազատները, նաեւ հայրենիքի համար անմահացած զինվորների ծնողներն ու հարազատները:
Անվասայլակներով պարող տղաներից մեկը նախկին զինվորական, 3 երեխաների հայր Անդրանիկ Մարգարյանն է, ով ողնաշարի վիրավորում էր ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ` Զրականում:
«Իմ ընկերներն ու բարեկամները շատ էին զարմացել, գիտեին, որ ես նախկինում պարի հետ կապ չեմ ունեցել։ Իսկ հիմա պարում եմ եւ դա շատ ոգեւորում է: Բացի պարելուց մենք տղաներով անընդհատ շփվում ենք եւ դրա շնորհիվ պարապմունքների գալիս մենք զգում ենք, որ կարծես ընտանիքի մեջ լինեն ու մեզ ավելի ինքնավստահ ենք զգում»,- ասում է նա:
44-օրյա պատերազմի ժամանակ ԱԹՍ հարվածից հետո հրաշքով ողջ մնացած Վարդան Վարդանյանը եւս նախկինում ծառայել է:
«Մեր պարերի մեջ ամեն մեկը իրանն է տեսնում: Մեկը դրան նայելու է ու մտածի` անհնար ոչինչ չկա, մարդիկ կան, մտածելու են` կյանքը շարունակվում է: Մենք ամեն ինչ տալու ենք, բայց ամեն մեկը իրանն է վերցնելու»,- ասում է նա:
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։