Մեր ներքաղաքային տրանսպորտը մարդու համար չէ: Քաղաքային բոլոր ուղղությունները կարծես թե սպասարկվում են, բայց մարդը, որին ծառայում է այդ տրանսպորտը, չկա։ Մանուշակագույն և կապույտ ավտոբուսները նիհար մարդկանց համար չեն, իսկ երևանցիներին գեր չես համարի։ Այդ ավտոբուսներում նստած երթևեկել հնարավոր չէ, մարմինդ ցավում է։ Բայց սա այն դեպքում, եթե քեզ հաջողվում է նստել։

Բայց ամբողջ հարցն այն է, որ կանգնած էլ հնարավոր չէ երթևեկել, որովհետև աշխատանքից տուն գնալիս տրանսպորտ ուղղակի չկա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը աղետ է։ Ինչո՞ւ։ Որովհետև այն պահից, երբ ինքը կարիք չունի ներքաղաքային տրանսպորտով տուն հասնելու, նրան հետաքրքիր չէ, թե ուրիշներն ինչպես են հասնում։ Չինովնիկ Ավինյանը մարդու տեսիլք չունի, ինչպես չուներ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանը նույնքան կատարյալ աղետալի քաղաքապետ էր, նա նույնպես չգիտեր, թե ով է մարդը:

Աշխատանքային ամեն օրվա ժամը 15-ից հետո Ավինյանը «Երիտասարդական» մետրոյի կանգառից, որտեղ կուտակվում է ուսանողությունը, թող փորձի քաղաքային տրանսպորտով գնալ, ասենք, Նոր Նորք կամ Ծարավ Աղբյուր: Անմիջապես կհայհոյի ինքն իրեն: Մտքում եկած ամենավատ բաները կասի ինքն իր հասցեին, գուցե նույնիսկ ֆեյսբուքյան ստատուս գրի և պահանջի իր հրաժարականը որպես ձրիակեր ու հակամարդ քաղաքապետի:   Անպայման կպահանջի իր փոխարեն նշանակել գործից հասկացող որևէ մեկին:

Ես, որ վաղուց ուսանող չեմ, ժամը 17:00-ից սպասում եմ 38-ին, 99-ին, 10-ին, 1-ին, նույնիսկ Ռայկոմով Աբովյան գնացող տրանսպորտին, որ գոնե երկու տրանսպորտ փոխելով հասնեմ տուն: Բոլորն էլ գալիս են մեծ ընդմիջումով ու խցկված: 99-ը չկա, էս գլխից ասեմ: Ու էսպես արդեն քանի օր: Ամեն օրվա սպասումների արդյունքում գլխի ընկա, թե ինչու Ավինյանը մարդու տեսիլք չունի։ Ովքե՞ր են ժամը 17-ից, 18-ի հետո քաղաքային տրանսպորտով տուն գնում՝ նրանք, որոնք աշխատանք ունեն։ Եթե աշխատանք ունեն, ուրեմն հոգնած են։ Լրագրողներն ավելի ուշ են գնում՝ ժամը 19-ին կամ 20-ին։ Նրանք դեռ պետք է ոտքի վրա մնան, որպեսզի տրանսպորտ մտնեն։

Դիտարկումներս բերեցին նրան, որ 20։30-ից հետո նոր կարելի է մտնել ավտոբուս, որտեղ հնարավոր է ոտքի վրա կանգնելու տեղ գտնել։ Ավտոբուսները գալիս են ում քեֆին ոնց փչի։ 99-ի վարորդը նույնիսկ պատրաստ է հաշիվ մաքրել ուղևորի հետ, որը նրան ասում է՝ դուք գրաֆիկ չունե՞ք, ինչի՞ եք ժամը մեկ գալիս։ Սա դեռ նրանք, որոնք կարող են մուննաթ գալ ու տեր կանգնել իրենց մուննաթին։ Բայց միայն ջահելները չեն սպասում։ Սպասում են նաև ծերերը, որոնց համար սպասումը շռայլություն է։ Էլ չեմ ասում, որ ծերերը զուգարանի կարիք ունեն։ Տրանսպորտային էսպիսի համակարգ ունեցող քաղաքում իշխանությունը պարտավոր է կանգառներում զուգարաններ կառուցել ու անկողիններ փռել: Ընդ որում բոլոր կանգառներում անխտիր: Ու սա կատակ չէ։ Որովհետև տնից դուրս գալը Երևանում դատավճիռ է, որովհետև ոչ մի երաշխիք, որ տուն կհասնես։

Բացի MAN ավտոբուսներից, մնացած բոլորում երթևեկելը գրեթե հավասարազոր է Ֆազելներով երթևեկելուն։ 5 տարվա մեջ ժողովրդի քվեով եկած իշխանությունը դեռ տրանսպորտի հարց չի լուծել և քաղաքում իշխանության էր հավակնում, որին տիրացավ սերժսարգսյանական անբարոյականությամբ։ Մինչդեռ իշխանության գալուց առաջ մեկը պիտի Ավինյանին, Փաշինյանին, Սանոսյանին, մնացածին ասեր, որ պետական պաշտոնյան պետության խնդիրներին պիտի նայի ոչ թե այն պրիզմայով, որ դրանք ինքնին կան, այլ՝թե ում դեմ դրանք կան: Իսկ դրանք կան մարդու դեմ:

Խցանումների մասին կլռեմ, որովհետև անկողինն ու զուգարանը միայն կանգառներում չեն պետք, այլև հենց ավտոբուսների մեջ, որոնցում ոչ նստելն է մարդկային, ոչ կանգնելը։

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest