Բանակում ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում նվազել է 44%-ով. 2010 թ.-ին եղել է 44.365, իսկ 2019թ.-ին` 24761։ Այս մասին այսօր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարեց “Քաղաքացիական պայմանագիր” խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Քննարկմանը մասնակցում էին նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը։ Քննարկվում էր «Վճարել 15 միլիոն և ազատվել բանակից ու քրեական պատասխանատվությունից» թեմայով ԱԺ նոր նախագիծը։

Հիշեցնենք` պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց` մեկ ամիս ծառայելով կամ մեծ գումար վճարելու դիմաց` չծառայելով։

2004թ.-ին համանման կարգավորում եղել է, որտեղ ասվում էր, որ այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է և չեն կարող ծառայել, կարող են ամեն բացակայած զորակոչի համար 100000 դրամ վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից` չծառայելով ոչ մի օր։

«Այս օրենքը տարբեր ժամանակներում երկարաձգվել է մինչև 2019 թ.-ը, այդ պահից այլևս ոչ մի կարգավորում չկա, դաշտը բաց է մնացել։ Օրենքի բացակայությունից երկու տարի անց` 2021թ.-ին, ԱԺ-ի կողմից ընդունվեց համաներման օրենքը` 27 տարին լրացած բոլոր քաղաքացիները, ովքեր չէին ծառայել, ազատվեցին քրեական պատասխանատվությունից ` չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր»,-ասաց պատգամավորը։

Սարգսյանը դեմ է համաներման նախագծին։ Ըստ նրա` նախագիծը որևէ օգուտ չի տվել բանակին, ավելին` այդ քաղաքացիների մեծ մասը լքել է երկիրը։

«Համաներումից օգտվել է 1360 քաղաքացի, իմ առաջարկած տարբերակից ենթադրվում է, որ կօգտվեին 1000 քաղաքացի և կվճարեին միջինում 10 միլիոն դրամ, դա ահռելի գումար է, ինչը կարող էր ծառայել մեր երկրի անվտանգությանը»,-ասաց նա։

Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ եթե անձը չի օգտվել համաներումից, որն ավելի լավ պայմաններ է առաջարկում, հարց է առաջանում` ինչու՞ պետք է օգտվի այս նոր պայմաններից, որոնք ավելի  դժվարացնում են` թե’ գումարի չափով, թե’ ծառայության անցնելու մասով։

«Սա տալիս է հնարավորություն գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից, բայց մյուս կողմից ուղերձ է, որ կարելի է չծառայել, և գումարով ազատվել։ Սոցիալական արդարության ամբողջ խնդիրն այն է, որ դրսում գտնվող ՀՀ քաղաքացիները նույն սոցիալական կարգավիճակը չունեն։ Ստացվում է` առավել հարուստները կարող են գումարի դիմաց ազատվել պատասխանատվությունից, եթե շատ են ուզում գալ Հայաստան, չնայած նորից մնում է այն հարցը, որ եթե չեն օգտվել անվճարի տարբերակից, ինչու՞ պետք է այս տարբերակից օգտվեն»,-նշեց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանն, արձագանքելով պատգամավորի տեսակետին, ասաց, որ չնայած բազմաթիվ հայտարարություններին, որ բարեփոխումներ են արվում, բանակի ներսում գրանցված մահվան դեպքերն այլ բան են ցույց տալիս. միայն հուլիս ամսին մեկ օրվա ընթացքում զինծառայողների մահվան երկու դեպք է գրանցվել, այն էլ` երկու տարբեր զորամասերում։

«Ես շատ լավ եմ պատկերացնում` ինչ է կատարվում բանակի ներսում, շատ մահվան դեպքերի ուսումնասիրություն ունենք, լսում ենք վկայություններ, գիտենք ինչ վիճակ է, արդյո՞ք ամենակարևոր խնդիրն էր այս նախագիծը բերել հիմա։ Արձանագրենք, որ ձեր իշխանության գալուց հետո բանակում վիճակն անհամեմատ ավելի վատ է, քան նախկինում, և արդյո՞ք բանակում առկա բոլոր մտահոգիչ խնդիրների ֆոնին` սա կնպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությանը կամ, ընդհանրապես, ինչ-որ բան կփոխի՞ բանակում»,-ասաց իրավապաշտպանը։

Ինչու՞ հիմա հարցին ի պատասխան` Հայկ Սարգսյանը հետազոտության արդյունքում արձանագրված մտահոգիչ թվեր հրապարակեց.

1992թ.-ին Հայաստանում ծնվել է 36.340 տղա երեխա, իսկ 2001թ.-ին` 17.285, այսինքն 9 տարվա ընթացքում ծնված տղա երեխաների թիվը պակասել է 52%-ով։

Պատգամավորի խոսքով` սա է պատճառը, որ նախկինում ևս նման օրենքի նախագծեր եղել են` կանխելու արտագաղթը, որովհետև հաճախ քաղաքացիներն արտագաղթում են`բանակից խուսափելու հանգամանքով։

«Այս պատճառով մենք շատացրել ենք պայմանագրային զինծառայողների թիվը` 2010-2019թթ.` 60%-ով։ 2003-2019թթ. 83 հազար քաղաքացի չի ծառայել բանակում։ Այս մեծ թվի մեջ չծառայելու համար դատապարտվել է ընդամենը 143 անձ։ Այս ամենի ֆոնին, երբ 10 տարվա ընթացքում կա տղա երեխաների թվի նման նվազում, հարևան Ադրբեջանում 30 տարվա ընթացքում բնակչության թիվն ավելացել է` 7 միլիոնից հասնելով շուրջ 10 միլիոն»,-նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով նաև բանակում հանցագործությունների թվի բարձր լինելուն` պատգամավորը ներկայացրեց դատական դեպարտամենտի կողմից տրամադրված տվյալները, ըստ որի` 2009-2018թթ. ընթացքում 6000 անձ դատապարտվել է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար։ Նույն ժամանակահատվածում կարգապահական տույժի է ենթարկվել 4700 զինծառայող։

Լրագրողի հարցին ի պատասխան, թե վճարման գումարն ինչու՞ է 15 միլիոն դրամ, պատգամավորը նշեց, որ ի սկզբանե որոշվել է 10 միլիոն, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր մեկ ամիս կծառայեն, իսկ այն անձինք, ովքեր չեն ցանկանա ծառայել, կվճարեն 15 միլիոն դրամ։

«Մեկ ամսվա համար այդ մեծ տարբերությունն այն շահագրգռող փաստն է, որ նրանք կնախընտրեն մեկ ամիս ծառայել և կինտեգրվեն մեր կյանք, գուցե որոշեն չլքել հայրենիքը»,-ասաց Սարգսյանը։

Քնարիկ Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest