«Ժողովրդավարությունը Հայաստանում և ընդհանրապես դժվար փորձությունների միջով է անցնում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջացնում են հետևյալ հարցը. կարո՞ղ է ժողովրդավարությունը ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնություն, բարգավաճում և երջանկություն: Բայց ես այստեղ չեմ եկել այս հարցը տալու, ես եկել եմ դրան պատասխանելու, և իմ պատասխանը պարզ է. «Այո»:

Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարեց մի երկրի վարչապետը, որը հենց նոր է կորցրել մի ամբողջ հայկական տարածաշրջան, որը հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայաթափվեց և ենթարկվեց ցեղասպանության։ Փաշինյանը, փաստորեն, սա համարում է ժողովրդավարության ձեռքբերում կամ «մատաղ»՝ դրանով իսկ վարկաբեկելով թե՛ Հայաստանը, թե՛ ժողովրդավարությունը։

Ուրիշներին մեղադրելու սովորությունից ելնելով, նա այս անգամ որոշել է Եվրոպային մեղադրել այն բանի համար, որ հանուն «ժողովրդավարության» Հայաստանը «զոհաբերում» է իր տարածքները։ «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվել է հանուն իր անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության»,- ասում է Փաշինյանը՝ չնշելով «տարածքային ամբողջականությունը»։ Փաշինյանն, ըստ էության, ասում է, որ ժողովրդավարությունը չի պաշտպանում տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը, այն «վիշապի» պես կլանում է տարածքները։

Ի՞նչ է պաշտպանում ժողովրդավարությունը Հայաստանում։ Ըստ ամենայնի, միայն անձամբ Փաշինյանի իշխանությունը։

«Շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տուժում է ժողովրդավարության պատճառով։ Բայց պետք է ընդգծեմ իմ վստահությունը, որ վերջին տարիներին իր գլխին եկած մեծ մասամբ անխուսափելի փորձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պարզապես կկաթվածահարվեր, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավարական»,- ասում է Փաշինյանը։

Նա օրինակներ է բերում 2018-2023 թվականների ճգնաժամերը՝ դրանց մասին խոսելով ոչ թե որպես տարածքային ամբողջականության խախտում, որը Սահմանադրությամբ ինքը պետք է երաշխավորի, այլ որպես «ժողովրդավարության և դավադրությունների սպառնալիքներ»։ Այսինքն՝ բոլոր այն կատակլիզմները, որոնց միջով անցնում է Հայաստանը, «սարքված» են որպես «դավադրություն» Փաշինյանի իշխանության դեմ, քանի որ, նրա մեկնաբանությամբ, մնացած բոլորը՝ «նախկիններն» ու «ապագաները», չեն կարող ապահովել ժողովրդավարությունը, և միայն նա է դրա խորհրդանիշը, մարմնավորումն ու փարոսը։ .

Այն, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հոտնկայս ծափահարեցին ժողովրդավարությունը վարկաբեկող Փաշինյանի ելույթին, խոսում է կա՛մ եվրոպական քաղաքականության ոչ ադեկվատության, կա՛մ Փաշինյանի հետ համատեղ դավադրության մասին։ Միակ պայմանը՝ Փաշինյանի «ժողովրդավարական իշխանության» պահպանումն է։

 

Փաշինյանի ելույթում գրեթե չկար մեղադրանքներ Բաքվի և Մոսկվայի հասցեին, որոնք մտել են Հայաստանի տարածք՝ կտոր-կտոր պոկելով հայոց հողը։ Տեղի ունեցածին քաղաքական գնահատականներ եւս չեղան՝ ցեղասպանություն, էթնիկ զտումներ, հայերի իրավունքների ոտնահարում չկա։ Կան միայն «որոշ ուժեր», որոնք «ցանկանում են կաթվածահար անել Հայաստանի պետականությունը կամ գոնե հասնել հովանավորյալ կառավարության ձևավորմանը»։

Փաշինյանը փորձում է իրեն ապահովագրել ապագա «դավադրություններից»՝ «խաղաղության օրակարգին» վերջ դնելուց և Հայաստանը «ժողովրդավարական խաչմերուկի» վերածելուց հետո՝ առանց տարածքային ամբողջականության և իրավունքների։ Փաշինյանը կոչ է անում պաշտպանել իր իշխանությունը՝ մինչև վերջապես կլուծի «անկլավների», միջանցքների և սահմանազատման հարցերը, քանի որ Հայաստանում ուրիշ ոչ ոք դա չի անի։

«Հայաստանում ժողովրդավարությունը ստանում է եւ շարունակում է ստանալ հզոր հարվածներ, որոնք գործում են գրեթե կրկնվող բանաձևով. արտաքին ագրեսիա, ապա Հայաստանի անվտանգության դաշնակիցների անգործություն, ռազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգության սպառնալիքն օգտագործելու փորձեր՝ ժողովրդավարությունը  և Հայաստանի ինքնիշխանությունը խարխլելու, ներքին անկայունություն հրահրելու, որոնք արտահայտվում են արտաքին ուժերի կողմից ուղղորդված հիբրիդային տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ասում է Փաշինյանը։

«Այս կարգի ամենավերջին և ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, որպես իր էթնիկ զտումների քաղաքականության վերջին ակորդը, լայնածավալ հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր Լեռնային Ղարաբաղից փախել էին Հայաստանի Հանրապետություն, մեր անվտանգության դաշնակիցները ոչ միայն մեզ չօգնեցին, այլև հրապարակային կոչեր արեցին՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական իշխանության տապալմանը։ »,- ասաց Փաշինյանը։

«Դաշնակիցներ» ասելով Փաշինյանը նկատի ունի Ռուսաստանը, թեև անունը չի տալիս։ Մանիպուլյացիաներն ակնհայտ են՝ Արցախի ցեղասպանության օրերին Մոսկվայի հետ համատեղ Փաշինյանի հերթական «հակառուսական» ֆարսից հետո Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական կուրսը և չի պահանջել դուրս բերել ռուսական զորքերը։ Իսկ Պուտինը Հայաստանի «հակառուսական» Հռոմի ստատուտը ընդունելուց հետո ասաց, որ երբ Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, ինքը պատրաստ է գալ բարեկամական Հայաստան։

Այսքանից հետո Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը և պատգամավորների ծափահարությունները եվրոպական «ժողովրդավարական» հանրության կողմից լիակատար աջակցություն են Փաշինյան-Ալիև-Պուտին համադրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հետագա ոտնձգություններին։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest