«Սկզբից ես մարտ եմ վարել ավտոբուսի հետևից։ Կրակում էին, ավտոբուսների ապակիները փշրվում էին վրաս։ Մի քանի րոպե հետո ավտոբուսը դուրսա եկել տարածքից։ Տղերքը գոռում էին՝ Գեղամ արի էս յան, արի էս յան, բայց հնարավորություն չկար․ ուժեղ կրակում էին։ Չգիտեմ՝ ոնց եղավ, որ փամփուշտ չկպավ։ Վազել եմ մոշի թփերի կողմը, թումբ կար էդտեղ։ Սկզբից էդտեղ տղերքը շատ էին, հետո էին ցրվել տարբեր ուղղություններով»,- 2020թ․ հոկտեմեբրի 21-ին Կովսականում (Զանգելան) մարտական գործողությունները հիշելով՝ Հակակոռուպցիոն դատարանում պատմում է գործողությունների անմիջական մասնակից, տուժող 35-ամյա Գեղամ Էլիբեկյանը։

Կարդացեք նաև՝
Քիմիկների զորամասի գործ․«Ես բոլորի խնդիրը դրել եմ, Աստծո առաջ են պատասխան տալու»․պատերազմի մասնակիցը՝ դատարանին

Հոկտեմբերի 6-ին դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ կայացավ Քիմիկների զորամասի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը քննում է 44 օրյա պատերազմի ընթացքում Կովսականում տեղի ունեցած դեպքերը, երբ Քիմիկների զորմասաի (ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի զորամաս) 62 հոգանոց խումբը հայտնվել էր շրջափակման մեջ։

Տուժող Գեղամ Էլիբեկյանը 2020 թ․ հոկտեմբերի 1-ին Արտաշատի զինկոմիսարիատից զորակոչվել է Էջմիածնի Քիմիկների զորամաս։ Նրա խոսքով այդտեղ 8-10 օր մնալուց հետո 150 անձնակազմով գնացել են Մեղրի, 4-5 օր հետո Կապան են տեղափոխվել։
«2020թ. հոկտեմբերի 20-ի երեկոյան առաջադրանք է եկել, որ հաջորդ օրը պիտի գնանք մարտական գործողության, Արսեն Աբգարյանից ենք իմացել։ Զորամասում գումարտակի մեջ ենք շարված եղել, մեծ միջանցքում։ Աբգարյանը ասելա, որ առավոտյան պիտի գնանք Զանգելան` մարտական գործողության, ուրիշ բան չենք իմացել։ Մնացածը 21-ի առավոտյան ենք իմացել։ Պայմանագրային զինծառայողները պարտադիր պիտի գնային, մնացածը 20֊25 հոգին ՄՈԲ–ից պիտի գնային` կամավոր սկզբունքով։ Մեկը մեկին հերթ չտալով՝ ուզում էին գնալ։ Մարտական ոգով էին լցված, ուրախ էին բոլորը, որ գնում էին հայրենիքի պաշտպանության»,- պատմեց Էլիբեկյանը։

Նրա խոսքով՝ ամսի 21-ի լուսբացին ներկայացել է գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։ Ասել է, որ Զանգելանում 15-20 հոգու շարժ են նկատել․
«Որին կարանք բռնենք, որին կարանք խփենք։ Նույն օրը առավոտյան 3 ավտոբուսով շարժվել ենք։ Ունեցել ենք ինքնաձիգ, 4 պահեստատուփ, սաղավարտ ու հակագազ։ Զրահաբաճկոններ չենք ունեցե․․․ Խնդրի իրականացումը ներկայացնելու ժամանակ Կիրի հանքի մասին չի նշվել, բացառապես միայն Զանգելան են ասել։ Մեր հրամանատարը Արսեն Աբգարյանն է եղել»։

Գեղամը եղել է երրորդ ավտոբուսի մեջ։ Նշում է, որ բացի երեք ավտոբուսներից նրանց դիմացը եղել է նաև Վիլիս մակնիշի ավտոմեքենա, իսկ ողջ ճանապարհին նկատել է ուղեկցող քաղաքացիական մեքենա, թե ով էր և ինչու էր գալիս՝ տուժողը չգիտի։ Պնդում է, որ այն ավտոբուսը, որում ինքն է եղել, ճանապարհին ոչ մի տեղ չի կանգնել։ Այն ինչ՝ հոկտեմբերի 2-ին դատարանում ցուցմունք տվող Ալեքսանդր Բաբայանը, որ առաջին ավտոբուսում էր եղել, ասաց, որ մեքենաները ռամական հենակետի մոտ 5-7 րոպե կանգնել են, ապա նոր շարունակել ճանապարհը։

«Մեր Զանգելան հասնելու ժամանակ Վիլիսն ու 2 ավտոբուսները կանգնած են եղել ու ողջ անձնակազմը ավտոբոսւներից իջած, կանգնած են եեղել։ Մեր դիմացը քանդված տներ կային, ձախի վրա անտառ, աջի վրա բլուր։ Էդ ժամանակ ենք նկատել նրանց սև շորերով, կագնում–նստում էին անընդհատ։ Խոսակցություն գնաց՝ մերոնք են, թե մերոնք չեն։ Բայց մերոնցից ոչ ոք սև շորերով չէր։ 5-6 րոպե կանգնած ենք եղել, երբ սկսել են կրակել։ Անձնակազմը որտեղ հասցրեց, դիրքավորվեց, մտնում էին քանդված տների մեջ, անտառի մեջ։ Արսեն Աբգարայնը ասելա՝ դիրքավորվեք, հետո նրան ու էլ ոչ մի սպայի չեմ տեսել»,- ասաց Գեղամ Էլիբեկյանը։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանի այն հարցին, թե հակառակորդը գերազանցե՞լ է իրենց թվաքանակով, պատասխանեց՝ մի քանի անգամ շատ էին իրենցից։ Պատմում է, որ ավտոբուսների գնալուց հետո վազել է մոշերի թփերի մոտ։

«Հետս Խաչատրյան Տիգրանն էր էդ ժամանակ, մոտ 10–15 մետր հեռավորության վրա։ Խոսացել էինք իրար հետ, թե դու էս կողմը նայի, ես էն կողմը նայեմ։ Փամփուշտերն էլ շուտով պրծան։ Մի ժամ, ժամ ու կես հետո Ալիկնա եկել, միացել մեզ, հետո Ստեփանյան Արթուրը։ Մնացել ենք մինչև երեկո։ 4 հոգով ենք եղել։ Ինտենսիվ կրակ 20-30 րոպե է եղել։ Ժամը 1–ից, 2–ից հետո կրակոցներ ընդհանրապես չեն եղել։ Նրանք (հակառակորդը) հանգիստ ման էին գալիս, բայց շշուկով էին խոսում, երևի շարժ էին ուզում նկատեին։ Մի քանի մետր հեռավորության վրա ենք եղել իրանցից։ Նստած հաց էին ուտում, 20-25 հոգի կլինեին։ Մենք 4-ով մոշի քոլերի տակ ենք եղել։ Դրանցից մեկը մեր մոտով անցավ, տեսավ մեզ։ Բոլորն եկան, զենքը պահեցին մեր վրա։ Տենց գերեվարվել ենք։ Թևերս կապեցին, տարան մանկապարտեզ։ Մեր տղերքից արդեն 4 հոգի գերավարված էին էդտեղ էին։ Վարորդին եմ ճանաչել՝ Էրիկին, մյուս 3 հոգուն չեմ ճանաչել։ Ինձ թվումա Մասիսի տղերքից էին։ Էդ 4–ին տարել են, 10-15 րոպե հետո էլ՝ մեզ»,- պատմեց Գեղամ Էլիբեկյանը։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ հրապարակելու տուժողի նախաքննական ցուցմունքից հատված, որովհետև այն տարբերվում էր դատարանում տված ցուցմունքից։

«Մեզ հատկացվեց 3 քաղաքացիական ավտոբուս, այդ ուղղությամբ մեկնել ենք 60 հոգով։ Դրված մարտական խնդիրը պետք է կատարեինք երկու խմբով, 2 ուղղությամբ, իսկ մյուս խումբը և ողջ օպերացիան ղեկավարում էր գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը»։

«Ես նման բան առաջին անգամ եմ լսում»,- արձագանքեց Գեղամը։

Մեղադրողի հարցերին տուժողը մինչ այդ պատասխանել էր, որ երկրորդ խմբի մասին ոչինչ չի իմացել։ Նիստին ներկա տուժողների իրավահաջորդները նույնպես պնդում էին, որ մի քանի աղբյուրներից լսել են, որ Անդրանիկ Մակարայի հրամանատարությամբ 2-րդ խումբ եղել է․ թշնամու տեղակայման վայրից մի քանի կիլոմետր հեռու՝ մյուս բլրի վրա։

Բայց տուժող Գեղամ Էլիբեկյանը վստահ է, որ թերևս ցուցմունքի վերջում ստորագրությունը և իր ձեռագրով գրած՝ «Կարդացել եմ և արձագարված է իմ խոսքերից»-ը իրենն են, բայց նա նման բան չի ասել նախաքննության ժամանակ։

Մեղադրողի այն հարցին՝ կարդացե՞լ է արդյոք իր ցուցմունքը ստորագրելուց առաջ, ասաց՝ ոչ։ Ինչ ասել է, տպել են, հետո տվել են ստորագրել։ Նախաքննության ընթացքում մի քանի անգամ որպես վկա մասնակցել է հարցաքննությունների, սակայն ոչ մի անգամ իր տված ցուցմունքի գրավոր տարբերակը չի կարդացել։ Դատավորը պահանջեց հրապարակել նաև քննիչի անունը՝ «Դ․ Իգիթյան»։

 

Հոկտեմբերի 2-ի դատական նիստում տուժող ճանաչված 38-ամյա մասիսցի Ալեքսանդր Բաբայանի տված ցուցմունքը։

«Նռնակներից մեկը որ շպրտեցին, ես ընկա քարերի վրա, ոտքս վնասեցի, դրանից հետո բան չեմ հիշում։ Մենակ հիշում եմ, որ տղերքը ինձ քարշ էին տալիս։ Գետը անցնելուց նորից եմ ընկել, տղերքը օգնեցին, հանեցին։ Տղերքից հետս Գևորգ Եդիգարյանն էր,մասիսցի տղա էր։ Ստիպեցի, որ չմնար մոտս, գնար։ 10 օր տենց մնացել եմ։ Քայլել ընդհանարպես չէի կարողանում, 10 օր սողեսող գետին հակառակ նահանջել եմ։ Հոկտեմբերի 31-ին ինձ գտան, գերեվարեցին, տարան Բաքու»,- այս մասին դատարանում պատմում էր 44-օրյա պատերազմի մասնակից, տուժողի կարգավիճակ ունեցող 38-ամյա մասիսցի Ալեքսանդր Բաբայանը։

Տուժող Ալեքսդանդր Բաբայանը ներկայացրեց մարտական առաջադրանք մեկնելու վերաբերյալ նոր մանրամասներ․
«Դեպքը եղելա հոկտեմբերի 20-ի գիշերը, հոկտեմբերի 21-ի լուսադեմին։ Գտնվել եմ Կապանի զորամասում, հրամանատար Արտակ Վարդանյանի հրամանատարության տակ։ Մենք մասիսցի 12 հոգի ենք եղել․ առանձին զորամաս։ Մեզ հրաման տվեցին, հոկտեմբերի 21-ին միացանք քիմիկներին, ուղղությունը՝ դեպի Զանգելան։ Ասացին՝ գնում ենք սանրման աշխատաքններ կատարելու․ ինչ-որ 8 հոգու շարժ են նկատել Զանգելանում։ Իմ հրամանատարությունն էր ինձ էդպես ներկայացրել։ Լուսադեմին լցվել ենք երեք ավտոբուսները, գնացել»։

Ալեքսանդրի խոսքով՝ իրենք որպես հետախույզ են գնացել, չնայած նա բանակ է զորակոչվել որպես խոհարար։ Իրենց՝ հետախույզների խմբին տրամադրել են զրահաբաճկոն, սաղավարտ, զենք և յուրաքանչյուրին մեկական նռնակ։
Հրամանատար Արտակ Վարդանյանը իրենց հետ չի եղել, իսկ թե ինչու, Ալեքսանդրը չգիտի։ Միայն հիշում է, թե ինչպես է հրամանատարը մեկնելուց իրենց ասել․ «Տղեր՛ք, սենց ժպիդներդ դեմքներիդ հետ կգաք»։

Դատավոր Դադոյանի հարցին, թե չի զգուշացրել արդյոք, որ ինքը որպես խոհարար է զորկոչվել, ոչ թե հետախույզ, տուժողն ասաց, որ հարցեր ընդհանրապես չի տվել։ Իսկ թե եղել է արդյոք խմբում գոնե մեկ պրոֆեսիոնալ հետախույզ, ասաց՝ ոչ, չգիտի․ ճանաչում էր միայն մասիսիցի տղաներին։ Մարտական առաջադրանք կատարելու ժամանակ անիմջական հրամանատար չեն ունեցել․ անորոշության մեջ են մեկնել։

Ալեքսնադրի խոսքով՝ մեկնելու ընթացքում իրենց երեք ավտոբուսների դիմացից Վիլիս մակնիշի ավտոմեքենա է եղել, թե ով է եղել մեջը, չգիտի։ Ճանապարհին մեքենաները ռազմական հենակետի մոտ 5-7 րոպե կանգնել են, ապա շարունակել ճանապարհը։ Ըստ երևույթի՝ դա եղել է Կովսականի շրջանի Կերեն գյուղի վարչական տարածքում տեղակայված ռազմական հենակետը, որտեղ էլ նրանք պետք է մնային, բայց թե ինչու են շարունակել ճանապարհը, տուժողը չգիտի։

«Ստեղ հարցաքննության ժամանակ եմ իմացել, որ մեզ առաջադրանքա տրված եղել՝ Կիրի հանքը պահենք․․․ փաստորեն՝ էստեղ փաստաթղթերով մենք պետքա կիրի հանքը պահեինք»,- ասաց Ալեքսանդրը։

Մինչև կրակոցների սկսվելը, մոտ 10-15 րոպե անց դիմացի սարերի վրա շարժ են նկատել․ թշնամին սկսել է կրակել ավտոբուսների վրա։

«Ով ոնց հասրցրեց իջավ, դիրքավորվեց․ մեր հետևը ավերված տներ էին։ Մեզ համար դա լրիվ անսպասելի էր, անակնկալի էինք մատնվել»,- ասաց տուժողը։

Նրա խոսքով՝ մեքենաներից իջնելուց հետո իրենց տեղակայման վայրում 6-7 հոգով են եղել, իր կողքին Կատանյան Դավիթն է եղել։

«Պատի հետևը մտանք, սկսեցինք կրակել։ Մենք մեկ նռնակ էինք նետում, իրանք 100։ Հակառակորդի քանակը ավելի շատ էր, չեմ հիշում՝ կոնկրետ ինչքան։ Երբ չկարողացանք էլ դիմադրել, սկսեցինք հետ նահանջել։ Մեր մեքենաները հեռացել էին»։

Մարտական խնդիրը իր բովանդակությամբ և օպերատիվ տեղեկատվությամբ չէր համապատասխանել նրան, ինչին ականատես է եղել տուժողը։ Վիրավորում ստանալուց հետո նա 10 օր մնացել է Որոտան գետի ափին,ապա նրան գտել և գերեվարել են։ Դեպի Բաքու ճանապարհին բռնության չի ենթարկվել, բայց Բաքվում՝ այո։ Ծառայակիցներից Գեղամի ու Արտակ Անդրեասյանի հետ Բաքվում է ծանոթացել․ 17 օր նույն խցում Արտակի հետ է նստել, 2 ամսից ավել՝ Գեղամի հետ։

Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը հարցրեց տուժողին, թե կատարվածն ու՞մ մեղավորությունն է, ի՞նչ պատճառով այս ամենը տեղի ունեցավ․ մարտական խնդրի կազմակերպման կամ իրագործման ընթացքում կա՞ր որևէ մեկի սխալը։

«Իրագործման ընթացքում․ ավելի ճիշտ, քանի որ էստեղ ենք իմանում, որ Կիրի հանք պիտի պահեինք, բայց մեզ մտցրել են Զանգելան։ Էդ անփութության պատճառով է էդ ամենը եղել»,- պատասխանեց Ալեքսանդրը։

Բայց թե ում անփութության պատճառն է եղել, տուժողը չնշեց՝ ասելով որ ամբաստանյալ Արսեն Աբգարյանին չի ճանաչել։

Դահլիճում գտնվող տուժողների իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանը, դիմելով Ալեքսանդրին, ասաց, որ դեպքերին նախորդող տեսանյութեր կան հրապարակած արդբեջանցիների կողմից, որ Զանգելանն արդեն գրավել են հատուկ ջոկատայիների միջոցով, կա Ադրբեջանի նախագահի տեսանյութ՝ կրկին դեպքերին նախորդող, երբ պաշտոնապես հայտարարեց, որ Զանգելանը Ադրբեջան է․

«Էն փաստը, որ դուք խոհարար եք եղել, բայց ձեզ տանում են որպես հետախույզ, էն փաստը, որ դուք ձեր գլխին չունեիք հրամանատար, էդ ամեն ինչը ձեր մոտ կասկա՞ծ չի առաջացնում։ Քա՞նի հատ հանգամանք բերեցի։ Ձեզ ասել են 8 հոգի, գնացել եք, 500 հոգի են եղել։ Ձեզ տարե՞լ են, որ փուռը տան, կոպիտ ասած»,- հարցրեց Եղիազարյանը։

«Տվել են, բա ինչ են արել․․․»,- պատասխանեց Ալեքսանդրը։

Լուսինե Հակոբյան

Տեսանյութում՝ հատված հոկտեմբերի 2–ի դատական նիստից։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest