Եռաբլուրը բազմամարդ է: Այստեղ են հավաքվում բազմաթիվ զոհված զինվորների հարազատներն ու ընկերները: Ամեն օր, օրը մի քանի անգամ տեղի են ունենում Արցախում զոհված տղաների հուղարկավորության արարողություններ: Զոհվածների պաշտոնական վերջին թիվը հաղորդվել էր օրեր առաջ` 200 հոգի: Դրանից հետո նոր թվեր չեն նշվում:

Միայն  հոկտեմբերի 6-ին Եռաբլուրում հուղարկավորվել է 15 զոհված զինվոր: Նրանցից մեկը Մարտակերտի Հաթերք գյուղից Նվեր Օհանյանն էր:

Նվերը 19 տարեկան էր, նրա մահվան լուրը հաստատվել եւ ընտանիքին է հայտնի դարձել դեռևս մի քանի օր առաջ: Մինչեւ վերջին պահը հարազատները հույս են ունեցել, որ Նվերը անհետ կորած է եւ առաջիկայում կգտնվի:

Հայտնի է, որ զինվորը զոհվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական գործողության առաջին օրը` սեպտեմբերի 19-ին: Նրան գտել են Քարվաճառի շրջանի Չարեկտար գյուղում:

Զոհված զինվորի ծնողները, քույրերը եւ մյուս հարազատները, ինչպես բոլոր հաթերքցիներն այժմ բնակվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Օհանյանները ժամանակավորապես հաստատվել են Մասիսի խոշորացված համայնքի Զորակ գյուղում` բարեկամի տանը: Այդ տանը նրանցից բացի բնակություն է հաստատել Արցախից տեղահանված եւս երկու ընտանիք: Մեկ տանիքի տակ այժմ ապրում է 31 հոգի:

Տեքստը և լուսանկարները՝ Անի Գևորգյանի 
Տեսանյութը՝ Լուսինե Հակոբյանի 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest