Հոկտեմբերի 3-ին Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, նաև Ղ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվեցին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինների կողմից և ուղեկցվեցին այս գերատեսչության մեկուսարան։

Նախագահներին ձեռնաշղթաներով պատկերող կադրերն ու լուսանկարները տարածվեցին համացանցով մեկ, շոկային ներգործություն ունեցան հանրության վրա։

Նրանք կալանավորված են։ Մեղադրվում են ահաբեկչության համար։ Նրանց ծանր հանցանքներ են մեղսագրվում՝ «ներգրավվում ապօրինի զինված կազմավորումների ձևավորման և գործունեության մեջ», «այդ խմբերի զինում, ռազմական սարքավորումների մատակարարում, ներառյալ՝ պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով, զինամթերքով», «ահաբեկչության ֆինանսավորում» և այլն։ Մեղադրանքները արդեն երկու-երեք օր է, հն չում են ադրբեջանական հեռուստաալիքներով, ուղեկցվում են արցախյան տարբեր պատերազմների դրվագների տեսաշարերով։

Տեղեկություններով, որոնք Forrights.am-ին տրամադրեց Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, Հայաստանի ներկայացուցիչը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում համալրել է Ադրբեջանի դեմ գանգատը, պահանջելով հրատապ միջոցներ կիրառել, Արցախի նախկին նախագահների և գերեվարված այլ պաշտոնյաների իրավունքները ապահովելու համար։ «Փորձ է արվում նրանց հետ կապ հաստատել Կարմիր Խաչի միջոցով, բայց որքան գիտեմ, դեռ չի հաջողվել», — ասում է իրավապաշտպանը։

Նա տվյալներ ունի, որ նախագահներին թույլ չեն տվել կապ հաստատել հարազատների հետ, նրանց պահում են անորոշության մեջ։ «Կարելի է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի բոլոր հոդվածների խախտումներ արձանագրել՝ անձնական ազատության,  անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքի, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքի, խտրականությունից զերծ լինելու իրավունքի եւ այլն», — ասում է Զեյնալյանը։

Եթե ՄԻԵԴ-ը հրատապ միջոց կիրառելու որոշում ընդունի, մի քանի օրից մինչև մեկ ամսվա ընթացքում այն կիրականացվի։

Թշնամական պետություն, որը էթնիկ ատելությամբ է լցված Հայաստանի հանդեպ, կարող է ամենավատ ձևերով վարվել Արցախի նախկին նախագահների և մյուս բարձր պաշտոնյաների հետ։ Կա՞ն արդյոք գործուն մեխանիզմներ Արցախի նախկին նախագահներին և այլ բարձր պաշտոնաներին դաժան վերաբերմունքից , հնարավոր խոշտանգումներից պաշտպանելու համար։

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը համարում է, որ մեր պետությունը կարող է դիմել էքստրադիցիայի մեխանիզմի։ «Եթե պետությունները երկուստեք միջազգային պայմանագրեր են ստորագրել էքստրադիցիայի մասին, այսինքն, եթե որևէ մեկը այլ պետության քաղաքացի է, ձերբակալվել ու հայտնվել է ոչ իր քաղաքացիության երկրում, ապա այն պետությունը, որի քաղաքացին է հանդիսանում այդ անձը կարող է դիմել Ադրբեջանին,  իր վրա վերցնել տեղափոխման բոլոր ծախսերը, և տեղափոխել անձանց այստեղ, պայմանով, որ եթե մենք ունենք այդպիսի հոդվածներ քրեական օրենսգրքում, ապա դատավարությունը կլինի այստեղ։ Սա այն մեխանիզմն է, որը գործում է նման դեպքերում։ Անգամ այն դեպքում, երբ որ արդեն դատարանը որոշում է կայացրել, դրանից հետո նույնպես կոնվենցիաների հիման վրա, լինի դա ԱՊՀ, կամ միջազգային, Հայաստանը կարող է դիմել Ադրբեջանին դատապարտյալին Հայաստան տեղափոխելկու համար», — ասում է Լարիսա Ալավերդյանը։

Նա համարում է, որ Հայաստանը պարտավոր է դիմել նման մեխանիզմի կիրառմանը  և հիշեցնում է, որ հենց այդպես է Հունգարիայի ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովը ժամանակին տեղափոխվել Ադրբեջան։ «Ադրբեջանը խոստացավ, որ  3 մլրդ դոլարի  պարտատոմսեր կգնի Հունգարիայից ու Սաֆարոնվը ազատվեց, տեղափոխվեց Ադրբեջան, և հակառակ Ադրբեջանի քրեական օրենսգրքի, որն ասում է, որ նման դեպքերում նա չպետք է մնա ազատության մեջ, նրան ներում շնորհեցին։

Իրավապաշտպանը չի կարծում, որ Հայաստանը գումարներ կխաղացնի նախագահներին հետ ստանալու համար, կամ Ադրբեջանը կհամաձայնվի նրանց էքստրադիցիայի, բայց պահանջում է Հայաստանից, որ արդեն իսկ մինչդատական վարույթի ընթացոում  մտնի բանակցությունների մեջ, խնդրելով էքստրադիցիա իրականացնել։

«Բա էդքան լավ են իրար հետ։ Եթե դա տեղի չի ունենում Հայաստանի խնդրանքով, Հայաստանը կարող է դիմել թե միջազգային կազմակերպությունների, թե այլ պետությունների օգնությանը։ Հազվագյուտ, բայց պատահում է, որ այլ պետություն է ուզում փրկել ենթադրյալ և սպասվող դաժան վերաբերմունքից, դատապաշտպան ունենալու իրավունքից զրկելուց։ Այդ դեպքում անձը տեղափոխվում է այլ, բարեկամական երկիր, որտեղ որ չի լ ինի այդքան թշնամական վերաբերմունք և ազգականները կարող են նրան այցելել, նա կարող է ունենալ դատապաշտպան», — նշում է Լարիսա Ալավերդյանը։

Ադրբեջանից նախագահների էքստրադիցիա պահանջելու հիմքը կարող է լինել ԱՊՀ երկնրեի կոնվենցիան, որը ստորագրվել է և Ադրբեջանի, և Հայաստանի կողմից։ Սա լավ նախադրյալ է, ըստ ՀՀ առաջին օմբուդսմենի։ «Եթե դու կնքում ես խաղաղության պայմանագիր, հորդորում են, որ մինչ այդ  նախաձեռնվեն իրար հանդեպ վստահություն ստեղծելու քայլեր, դրանից էլ լավ քա՞յլ»։

Լարիսա Ալավերդանը հիշում է, որ մինչև 1991 թվականը, Խորհրդային  միության օրոք տեղի է ունեցել էտապավորում, երբ բերդերում նստած բոլոր ադրբեջանցիներին տեղափոխել են Ադրբեջան, և բոլոր հայերին, որոնք այնտեղ բերդերում նստած էին, տեղափոխել են այստեղ։

«Հիշում եմ նաև, որ երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, կար նաև պայմանավորվածություն Ադրբեջանի Պ նախարարի հետ, որ եթե որևէ անձ  հայտնվում է սահմանից այն կողմ, գերության մեջ երեք օրվա ընթացքում պարզում են, թե արդյոք նա ունեցել է հանցավոր մտադրություն, և եթե ոչ, նրան անմիջապես տեղափոխում են իր քաղաքացիության պետությունը»։

Իրավապաշտպանը համարում է նաև, որ Արցախի նախկին նախագահներին Հայաստան տեղափոխության,  նրանց իրաովունքների պաշտպանության հարցերը առանց ազդեցիկ պետությունների ճնշման չի հաջողվի։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest