Հռոմի ստատուտի հետ կապված ռուսների խուճապը մաքուր մանիպուլացիա է: Իհարկե, նրանք գիտեն, որ ստատուտը գոնե Հայաստանում ոչնչով չի սպառնում Ռուսաստանի նախագահին։ Նա կարող է հանգիստ գալ Հայաստան, մնալ նույնիսկ մի քանի օր ու վերադառնալ, իսկ այդ ընթացքում, մեղա-մեղա, ռուս զինվորներն Ուկրաինայում սպանեն պատերազմը պատկերացնել չկարողացող երեխաների։

Ուրեմն ինչո՞ւ է Ռուսաստանը ակնկալում, որ «Հայաստանի ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը»։ Պատճառը չափազանց պարզ է՝ ստատուտի վավերացումով  նրանք զրկվում են Ադրբեջանի բանակը որպես հայերի դեմ ցեղասպանական ծրագրի կամ դրա սպառնալիք օգտագործելու լծակից։ Նաեւ՝ թուրքական։ Այսինքն, այս ստատուտի վավերացումից հետո Ալիևին ատոմային ռումբի սպառնալիքով էլ չես ստիպի հարձակվել Հայաստանի վրա։ Նաև՝ Էրդողանին։ Որովհետև հարձակման պահից աշխարհի ցանկացած մասում, որտեղ վավերացված է Հռոմի ստատուտը, որտեղ էլ Ալիևն ու Էրդողանը ոտք դնեն, նրանք կձերբակալվեն ու կհանձնվեն Միջազգային քրեական դատարանին։

Հայաստանը Ռուսաստանին տվել է բոլոր երաշխիքները, որ այս ստատուտը հակառուսական չէ ու Ռուսաստանը դա գիտի։ Հետևաբար փակված է ստատուտի հակառուսականության թեման գոնե ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետր տարածքում։ Բայց Ռուսաստանի վախը հիմքեր ունի՝ նրանք կորցնում են Հարավային Կովկասը։ Այսինքն, քանի որ Հայաստանի վրա ազդեցության որևէ լծակ չկա պատերազմի տեսքով, Հայաստանը հանգիստ կարող է աշխատել և Ադրբեջանի, և Թուրքիայի, և Իրանի, և Աֆղանստանի, և Սաուդյան Արաբիայի, և Իսրայելի, և եվրոպական ցանկացած երկրի հետ առանց Ռուսաստանի հետ հաշվի նստելու։

Հռոմի ստատուտի ընդունման պարագայում նույնիսկ եթե Ադրբեջանը կամ Թուրքիան հարձակվեն Հայաստանի վրա, նրանց զինվորները կիմանան, որ անցնելու են ապագա քրեական գործերով նվազագույնը որպես վկա։ Նրանք պիտի վկայություն տան իրենց հրամանատարների դեմ, որպեսզի էժան պրծնեն, հրամանատարներն՝ իրենց քաղաքական ղեկավարների դեմ, որպեսզի իրենք էլ էժան պրծնեն։ Ադրբեջանը կամ Թուրքիան որտեղ էլ այցելեն, իրենց հիշեցնելու են իրենց կատարած հանցագործությունները, այսինքն, մեղադրանքը դառնալու է քաղաքական լծակ նրանց դեմ։

Կոնկրետ Ալիևի դեպքում այս ստատուտը սպառնում է նրան կանգնեցնել Պուտինի հետմիջազգային հանցագործների նույն շարքում։ Թուրքիային են հարցեր տրվելու այն մասին, թե ինչու է համագործակցում ռազմական հանցագործությունների մեջ ներքաշված շրջանակների՝ Ալիևի կամ Պուտինի հետ:

Ստատուտը Հայաստանին, որպես զենք ձեռքբերողի, նոր կարգավիճակ է տալիս բոլոր զենքի մատակարարներին, որոնք վստահ են լինելու, որ այդ զենքը չի օգտագործվելու իրենց վարկաբեկող նպատակների համար։ Այսինքն, Հայաստանը կդառնա լավագույն զենքերի լեգիտիմ գնորդ։ Ստատուտը սահմանափակելու է ՌԴ զինված ուժերի հակաօրինական գործողությունները Հյաստանում և Հայաստանի բնակչության դեմ։ Այն դառնալու է Հայաստանի միջազգային իրավական ինտեգրացիայի լրջագույն խթան։ Հայաստանը հայտնվում է միջազգային իրավակարգի եւ աշխարհակարգի պաշտպանության օգտին հանդես եկող պետությունների ակումբում՝ դրանից բխող իրավական, քաղաքական, անվտանգության եւ տնտեսական հետեւանքներով:

Եվ ամենակարևորը՝ ստատուտի ընդունումը մեր պարտքն է միջազգային այսօրվա իրավակարգի հիմքում իրենց անմեղ արյունը հեղած նախնիներին, որոնց զանգվածային սպանությունները եւ դեպորտացիայի մասին քննարկումներն են բերել միջազգային քրեական իրավունքի ձեւավորմանը եւ դրա վերջնարդյունքին՝ Միջազգային Քրեական Դատարանի կանոնադրությանը: Եվ վերջապես՝ սա մեր պարտքն է մեր ապագա սերունդներին՝ նման վտանգից իրենց զերծ պահելու համար:

Այնուամենայնիվ, երբ թվարկված բոլոր դրույթները հայտնի են Ռուսաստանին, ինչո՞ւ է նա «աղոթում», որ մեր խորհրդարանում «կգտնվեն ուժեր, որոնք չեն հաստատի Հռոմի ստատուտի «տոքսիկ» որոշումը»։ Այսինքն, ինչո՞ւ է ասում, որ «Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա»։ Որովհետև չունենալով պատերազմի ուրվականը որպես վախեցնող «բոբո», այսինքն, չկարողանալով Ադրբեջանի կամ Թուրքիայի միջոցով «արթնացնել» մեր խոհամտությունը («Խոհամտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում․․․ Եվ շատ ձեռնարկներ, մեծ ու կարևոր, շեղվում են այսպես իրենց հոսանքից, և գործ կոչվելու անարժան դառնում», Ուիլյամ Շեքսպիր), գրոհում է արդեն տնտեսական զենքերով՝ գազ, էլեկտրաէներգիա։ Այսինքն, դուք՝ հայաստանցիներդ, դեռ ձմեռ ունեք հանելու, ուշքի եկեք, եղեք խոհամիտ։ Այսինքն, մեր խորհրդարանը սա պիտի հաշվի առնի ու գոնե որոշ ժամանակ հետաձգի Հռոմի ստատուտի վավերացումը։

Խորհրդարանն ինքը պիտի որոշի ինչպես վարվել, բայց Հռոմի ստատուտը այս պահին այն զենքն է, որով ոչ մի Ադրբեջան չի կարողանալու ուղղակիորեն, իր անունից պատերազմել Հայաստանի հետ։

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest