Այսօր, սեպտեմբերի 28-ին ձերբակալվել, ապա կալանյավորվել է հայտնի փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Forrights.am-ի տեղեկություններով, նա հրաժարվել է պաշտպանությունից։

Այս մասին մեզ հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Այսօր նա հանդիպել է Մուշեղ Շուշանյանին, առաջարկել է իր պաշտպանությունը, սակայն Շուշանյանը հրաժարվել է։

Հիշեցնենք՝ Շուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝  ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ  հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Հետապնդման հիմքը փաստաբանի ֆեյսբուքյան գրառումներն են, որոնք,  ըստ Քննչական կոմիտեի, բռնության կոչեր են պարունակում։

Ուսումնասիրվել է փաստաբանի գրառումների լայն սպեկտր՝ սկսած մայիսից։

Շուշիի հաղթանակի օրը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը  հրապարակել էր «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է» վերտառությամբ տեսանյութը, որի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ըստ քննչական կոմիտեի,  ՀՀ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցնում, արդարացնելով նման գործողությունները:

«Շարունակելով իր հանցավոր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործունեությունը, իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում, Մ.Շուշանյանն այսօրինակ բովանդակությամբ գրառում է կատարել նաև սեպտեմբերի 22-ին, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:

Մեկ այլ գրառման մեջ էլ օգտատերը գրել է. «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին որտեղ բռնեք սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան, ոստիկանություն, սպասում եմ, եկեք, տարեք»», — ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Մուշեղ Շուշանյանին ճանաչողները, նրա ընկերները Forrights.am-ի հետ զրույցում ասում են, որ վերջերս նա անկումային մռայլ տրամադրություն ուներ, ինչը պայմանավորված էր Արցախը պատուհասած աղետով։

Արայիկ Պապիկյանին, որը նաև Մուշեղ Շուշանյանի հետ ջերմ ընկերական հարաբերություններ ունի, Forrights.am-ը մի քանի հարց ուղղեց։

— Ի՞նչ տրամադրություն ունի Մուշեղը, ի՞նչ է ասում։

— Նա մեղադրանքից չի վախենում։ Նա ասաց, որ սրանից պետք է ազատվենք։

— Պայքարելո՞ւ է մեղադրանքի դեմ։

— Իհարկե, պայքարելու է, ինչքան որ ստացվի։

— Ի՞նչ է լինելու, ի՞նչ է նրան սպառնում։

— Ենթադրում եմ, կալանքի կտանեն վաղը, կամ մյուս օրը։

— Բայց ի՞նչ է արել, որ կալանավորում են, ո՞ւմ է սպանել։ Գրելու համար կալանավորո՞ւմ են։

— Դե, այդ օրերում ենք ապրում։

Սյուզան Սիմոնյան

Հ,Գ,հոդվածը պատրաստ էր, երբ Մուշեղ Շուշանյանը կալանավորվեց

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest