Ճապոնիան ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և կոչ է անում բոլոր կողմերին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Յոկո Կամիկավան։
«Ճապոնիան կշարունակի հետևել իրավիճակի զարգացմանը, ներառյալ տեղի բնակիչների վիճակը», – ասել է նա՝ ընդգծելով, որ Ճապոնիան բոլոր կողմերին կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել այս տարածաշրջանի հետ կապված խնդիրները երկխոսության միջոցով։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատկանելության հստակեցնող հարցին՝ նա կրկնել է Տոկիոյի դիրքորոշումը, որը մատնանշում է «խաղաղ կարգավորման կարևորությունը՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության վրա»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին արտգործնախարարը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։
Ճապոնիայի ԱԳՆ-ը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին վատթարացման կապակցությամբ և վճռականորեն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ներկայիս ռազմական գործողությունները։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: