123 թուրք մտավորականների կողմից Լեռնային Ղարաբաղում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը դատապարտող հայտարարությունից հետո թուրք ազգայնականների կողմից կոչեր ոն հնչում՝ զրկելու այդ գործիչներին Թուրքիայի քաղաքացիությունից։

Մասնավորապես, հայտարարությամբ է հանդես եկել Եվրասիայի թյուրքական ընկերությունների դաշնության նախագահ Իսմաիլ Ջենգիզը, ով նշել է, թե «123 հայասեր մանկուրտներին պետք է անհապաղ զրկել քաղաքացիությունից»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Once Vatan լրատվամիջոցը, նա նաև նշել է, որ քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։

«Արմենպրես»-ն ավելի վաղ հրապարակել էր թուրք մտավորականների հայտարարությունը, որտեղ նրանք ահազանգել էին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ արել միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։

«Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։

Կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ»,- նշել էին թուրք մտավորականները՝ ընդգծելով, որ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումները հատ առ հատ իրականություն են դառնում։

Նամակը ստորագրած 123 թուրք մտավորականների շարքում են թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Բասքըն Օրանը, Սաիթ Չեթինօղլուն, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, լրագրող Արիս Նալջըն, իրավապաշտպան Էրեն Քեսքինը և այլոք։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest