Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայող Ալեքս Ավանեսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատարը, կոչումով՝ լեյտենանտ, «շարքի դիմաց, ծառայակիցների ներկայությամբ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է կատարել մարտական հերթապահության ընթացքում մարտական դիրքում քնող զինծառայողի հասցեին, ինչի արդյունքում 2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19։55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի կրակային դիրքի հարակից տարածքում՝ խրամբջիջներից մեկում զինծառայող Ալեքս Ավանեսյանն իրեն ամրակցված գնդացրից կրակոց է արձակել իր գլխի ճակատային հատվածին և ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքից մահացել»։

«Բացի այդ, վաշտի հրամանատարը այլ զինծառայողների ներկայությամբ բռնություն է գործադրել մեկ այլ զինծառայողի նկատմամբ», — ասված է հաղորդագրությունում:

Հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («Ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որը կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից») և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով («Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ հրամանատարի (պետի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, կամ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում»): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածներով սպային սպառնում է 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest