Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ բախվել են հումանիտար լրջագույն կարիքների, հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Իրավապաշտպանները փաստում են, որ ռազմական գործողությունները հաջորդել են Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս շարունակվող տեղաշարժի սահմանափակումներին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի, դեղորայքի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների սուր պակաս կա։

HRW-ը Ալիևի վարչակազմին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն, ինչպես նաև Հայաստան գնալ-գալու հնարավորություն։

«Ադրբեջանը պետք է թույլ տա քաղաքացիական անձանց, ովքեր ցանկանում են ժամանակավորապես տարհանվել Հայաստան, ինչպես նաև բժշկական օգնության հրատապ կարիք ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ՝ հարգելով նրանց վերադառնալու իրավունքը», — ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։

Կառույցն անհրաժեշտ է համարում նաև միջազգային դիտորդական առաքելության ներգրավվածությունը, «որպեսզի երաշխավորի, որ Ադրբեջանը կատարում է իր պարտականությունները մարդու իրավունքների ոլորտում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության նկատմամբ»։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները մարդասիրական ծանր ճգնաժամի և լրջագույն անորոշության են բախվել իրենց ապագայի հետ կապված», — ընդգծել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը և հավելել․ «Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ կպաշտպանվեն բոլորի իրավունքները, բայց դժվար է դրան հավատալ ամիսների ծանր դժվարություններից և տասնամյակների հակամարտությունից հետո»:

Ռուսական խաղաղապահ ուժերը, իրենթ հերթին, պետք է հոգան քաղաքացիական անձանց հումանիտար կարիքները և պաշտպանությունը, նշել է կառույցը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest