Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը իր պաշտոնական կայքէջում։

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հեռախոսազրույցում նշվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։

Երկուստեք նշվել է նաև Արցախում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ԼՂՀ աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։
Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցում քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը բանակցային գործընթացում  եռակողմ պայմանավորվածությունների հիմա վրա 2020-2022 թթ-ի՝ հատկապես «տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest