«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 18-ին տեսաուղերձի միջոցով հանրությունը ներկայացրեց իրենց քաղաքական ուժի առաջարկները՝ կապված Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ:

Նա նշեց, որ և՛ ինքը, և՛ իր թիմը մշտապես գործել են բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել են իրենց բոլոր առաջարկներն ու լուծումները և այս անգամ  ևս նույն կերպ կվարվեն:

«Քիչ առաջ տեղի ունեցավ մեր ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց: Չորս ընդդիմադիր ուժերն ունեն քաղաքական, գաղափարական,  տարաձայնություններ, իսկ մեր ուժն այս ընդդիմադիր ուժերից առաջին տեղն է գրավել քվեարկության արդյունքում, և մենք առաջակում ենք, որ մենք առաջադրենք  քաղաքապետի թեկնածու, խոսքը իմ մասին է, և մնացած ընդդիմադիր երեք ուժերը առանց կոալիցիաներ կազմելու, առանց ստվերային  պայմանավորվածությունների և նախապայմանների  գան և քվեարկեն այս թեկնածուի համար»,-ասաց նա:

Մարությանը կարծում է՝ դա ազնիվ կլինի թե՛ ընտրողների նկատմամբ, թե՛ ինքներն իրենց նկատմամբ, և ոչ ոք չի դավաճանի իր սկզբունքներին: Նրա խոսքով, եթե դրա արդյունքում ընտրվում է քաղաքապետ, ինքը ստանձնում է այդ պաշտոնը, իրենց քաղաքական ուժը ստանձնում է իշխանությունն ու սկսում են աշխատել: «Ընդդիմադիր երեք ուժերն իրենց վերահսկողական գործառույթները կարող են իրականացնել որպես Երևանի ավագանու անդամ, այսինքն՝ իրենք  լիարժեք իրավունք են ստանում վերահսկելու այն բոլոր գործողությունները, որ կանենք ես որպես քաղաքապետ և մեր ուժը որպես քաղաքային իշխանություն»,-շեշտեց Հայկ Մարությանը:

Նա ընդգծեց՝ եթե ինչ-ինչ պատճառներով ընդդիմադիր երեք ուժերը չեն համաձայնվում  իրենց առաջարկին, ապա կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների: «Այդ դեպքում թող ժողովուրդը որոշի  հետագա ընթացքը: Ինչպե՞ս ենք դա անում. շատ պարզ: Երևանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ուստի ավագանու առաջին նիստը, որի համար պետք է ապահովել քվորում, կարող է  չհրավիրվել: Քվորումի համար պետք է  33 ձայն, իսկ իշխանությունը չունի այդ 33 ձայնը: Եթե ընդդիմությունը ցանկանա, կարող  է այնպես կազմակերպել, որ նիստը չկայանա, քաղաքապետ չընտրվի, և գնանք նոր ընտրությունների»,-ասաց Մարությանը:

Նա համոզված է, որ  այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, քանի որ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest