«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 18-ին տեսաուղերձի միջոցով հանրությունը ներկայացրեց իրենց քաղաքական ուժի առաջարկները՝ կապված Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ:
Նա նշեց, որ և՛ ինքը, և՛ իր թիմը մշտապես գործել են բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել են իրենց բոլոր առաջարկներն ու լուծումները և այս անգամ ևս նույն կերպ կվարվեն:
«Քիչ առաջ տեղի ունեցավ մեր ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց: Չորս ընդդիմադիր ուժերն ունեն քաղաքական, գաղափարական, տարաձայնություններ, իսկ մեր ուժն այս ընդդիմադիր ուժերից առաջին տեղն է գրավել քվեարկության արդյունքում, և մենք առաջակում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքը իմ մասին է, և մնացած ընդդիմադիր երեք ուժերը առանց կոալիցիաներ կազմելու, առանց ստվերային պայմանավորվածությունների և նախապայմանների գան և քվեարկեն այս թեկնածուի համար»,-ասաց նա:
Մարությանը կարծում է՝ դա ազնիվ կլինի թե՛ ընտրողների նկատմամբ, թե՛ ինքներն իրենց նկատմամբ, և ոչ ոք չի դավաճանի իր սկզբունքներին: Նրա խոսքով, եթե դրա արդյունքում ընտրվում է քաղաքապետ, ինքը ստանձնում է այդ պաշտոնը, իրենց քաղաքական ուժը ստանձնում է իշխանությունն ու սկսում են աշխատել: «Ընդդիմադիր երեք ուժերն իրենց վերահսկողական գործառույթները կարող են իրականացնել որպես Երևանի ավագանու անդամ, այսինքն՝ իրենք լիարժեք իրավունք են ստանում վերահսկելու այն բոլոր գործողությունները, որ կանենք ես որպես քաղաքապետ և մեր ուժը որպես քաղաքային իշխանություն»,-շեշտեց Հայկ Մարությանը:
Նա ընդգծեց՝ եթե ինչ-ինչ պատճառներով ընդդիմադիր երեք ուժերը չեն համաձայնվում իրենց առաջարկին, ապա կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների: «Այդ դեպքում թող ժողովուրդը որոշի հետագա ընթացքը: Ինչպե՞ս ենք դա անում. շատ պարզ: Երևանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ուստի ավագանու առաջին նիստը, որի համար պետք է ապահովել քվորում, կարող է չհրավիրվել: Քվորումի համար պետք է 33 ձայն, իսկ իշխանությունը չունի այդ 33 ձայնը: Եթե ընդդիմությունը ցանկանա, կարող է այնպես կազմակերպել, որ նիստը չկայանա, քաղաքապետ չընտրվի, և գնանք նոր ընտրությունների»,-ասաց Մարությանը:
Նա համոզված է, որ այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, քանի որ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: