Այսպիսով Երևանի ընտրություններին մասնակցել է 234 հազար ընտրող։ Այսինքն, պատկերավոր ասած՝ Կենտրոնն ու Աջափնյակը, որոնց բնակչության ընդհանուր թիվը հենց 234 հազար 100 մարդ է։ Հիմա տեսեք։ Քարոզարշավին մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանը, որը մատ թափ տվեց Ավինյանին ընդդիմադիր ուժերի վրա։ Փաստորեն Փաշինյանն իրեն մեջտեղից ճղում է էդ 33 տոկոս քվեի համար, որը մի 70 հազար ձայն է։ Իսկ Երևանի ընտրողների թիվը հուլիսի 14-ի դրությամբ 823 559 հոգի է։ Փաշինյանն, իհարկե, կարող է ասել, որ իրեն ճղել է ոչ թե ՔՊ-ի այդ 70 հազարի համար, այլ հենց 234 հազարի համար։ Որ եթե չխոսեր, էդքանն էլ չէին գնա ընտրության։ Բայց դուք հասկանում եք, չէ՞։ Եթե համարենք, որ ՔՊ-ի օգտին քվեարկել են պետական աշխատավարձից կախված ուսուցիչներն ու պետական այլ պաշտոնյաները, ստացվում է, որ բուն ժողովուրդն ուղղակիորեն ՔՊ-ի հետ չէ (թեպետ մնացածի հետ էլ չէ)։

5 տարի առաջ այս մարդը այնքան անվիճելի հեղինակություն ուներ և այնքան ակնհայտ էր Հայաստանը տանում դեպի բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների երբևէ երազանքների երկիր, որ երևի այդպիսի երկրում կուզեին ապրել բոլոր մեծահարուստները, կյանքի հաճույքը բոլոր կողմերով տեսած բոլոր դենդիներն ու հոլիվուդյան աստղերը։ Իսկ հիմա նույնիսկ երևանցին թքած ունի Երևանի վրա։ Սա նույնիսկ սահմանադրական հանրաքվե չէ, երբ ընտրության չգնացողը դա հիմնավորում է նրանով, թե «Սահմանադրությունը ե՞րբ է իրեն վերաբերվել»։ Իսկ Երևանը վերաբերվում է։

ԿԸՀ նախագահն ասում է, թե ամբողջ աշխարհում են ժողովրդավարական ընտրություններն անցնում ընտրողների ցածր մասնակցությամբ։ Բայց ամբողջ աշխարհը այն վիճակում չէ ամեն ընտրությունից առաջ, որում մենք ենք։ Իհարկե, ԿԸՀ նախագահը այս ամենի մասին դատում է իր կայֆերի բարձունքից։ Եվ վարչապետն էլ է հենց իր կայֆերի բարձունքից դատելու ընտրողների ցածր մասնակցության մասին։

Իսկ ճշմարտությունն այն է, որ ակնհայտորեն 600 հազար չքվեարկած մարդ գործող իշխանության հետ չէ, թեպետ ընդդիմության հետ էլ չէ։ Այս անտարբերությունը նաև Երևանի հանդեպ չէ։ Բայց այս անտարբերությունը նաև այն մասին է, որ ընտրողը իրար հետ չի կապում Երևանն ու Հայաստանի քաղաքական անհուսությունը։ Պարզապես այդ անհուսության զոհ է դարձել Երևանը։ Այսինքն, ապատիան խփել է Երևանին։ Փաշինյանը համընդհանուր ապատիայի վարչապետն է։ Դա նշանակում է, որ վաղը Երևանի իշխանությունը քաղաքի հետ կարող է անել մտքով ուզածը։ Որովհետև Երևանը երևանցուն հետաքրքիր չէ։

14 քաղաքական ուժերից ոչ մեկը գլխի չընկավ, որ ահա այսպիսի անտարբերություն է լինելու և պետք է ինչ-որ կրեատիվ քայլ մտածի հաղթելու համար։ Իսկ իշխանությունն ուղղակի գլուխ էլ չջարդեց մտածելու համար, որովհետև ինքը հաղթող էր այսպիսի պասիվության դեպքում։

Հիմա արժե՞ ընտրողից նեղանալ, որ տեղամաս չի գնացել ու չի կանխել ՔՊ-ի հաղթանակը։ Ի վերջո նեղացողներն ովքե՞ր են՝ տեղամաս գնացած 234 հազա՞րը։ Բայց նրանք ի՞նչ կարող են անել չգնացած 590 հազարի հետ։ Ակնհայտորեն՝ ոչ մի բան։ Որովհետև ընտրողի չգնալը ոչ մի կապ չունի հատկապես ընտրության վրա թքած ունենալու հետ։ Խնդիրը հենց այստեղ է։ Ընտրողի ապատիայի մեջ ընտրությունը երևի 0․0001 տոկոս տեղ էլ չի զբաղեցնում։ Ընտրողի կյանքում որևէ լավ բան տեղի չի ունեցել։ Ղարաբաղի հարցն էլ վրադիր։ Ահա ինչու միայն Ավինյանը կարող էր մանկամտորեն ասել, որ Երևանի ավագանու ընտրությունը Ղարաբաղի հարցի հետ կապ չունի։ Հիմա տեսա՞ք որ կապ ունի։ Միայն ՔՊ ընտրողները չեն կատարել քաղաքական ընտրություն, մնացած բոլորը, ներառյալ չքվեարկածները կատարել են քաղաքական ընտրություն։

ՔՊ-ն 5 տարի է իշխանության գլխին է, բայց ժողովրդի կյանքը գոնե 0․5 տոկոսով չի լավացել։ Ու սա մի վիճակ է, որը խրախճանքի տեղ է թողնում և Ռոբերտ Քոչարյանին, և Սերժ Սարգսյանին, և նույնիսկ Արմեն Աշոտյանին ու Վիգեն Սարգսյանին, որոնք պակաս պատասխանատու չեն Հայաստանի էս վիճակի համար։  Իսկապես ազատ ու արդար այս ընտրությունները ցույց տվեցին նաև մի ուրիշ բան՝ նախկինների օրոք «քվեարկում» էին արտագաղթածները կամ մեռածները, իսկ հիմա կենդանի մնացածներն անգամ չեն քվեարկում։

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest