Արցախի Հանրապետության իշխանությունները համաձայնություն են տվել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով համաժամանակյա հումանիտար բեռնափոխադրումներ իրականացնելու առաջարկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:

Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):

Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աշխատանքներ են տարվում Արցախի և Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

«Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest