«Հիմա ավելի լավ եմ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է արցախցի Ջամբուլ Հովսեփյանը։ Նրա որդին՝ Վահե Հովսեփյանը, երրորդ օրն է՝ ինչ վերադարձել է Բաքվից։

Հիշեցնենք՝ Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից օգոստոսի 28-ին զինված ադրբեջանցիների կողմից առևանգվել էին արցախցի երեք երիտասարդներ, որոնց Բաքուն մեղադրում էր, իբր թե, Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերվելու համար։

Վահե Հովսեփյանը Երևան հասնելուց հետո այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ «Գնացել է Եռաբլուր, ծաղիկներ է տարել, այնտեղից զանգեց»,-ասաց հայրը՝ նշելով, որ որդին փորձում է կատարվածը թողնել անցյալում և շարունակել ապրել իր նպատակներն իրականացնելու համար։ Սեպտեմբերի 12-ից դասի է գնալու։

Հայրը որդու հետ տեղի ունեցածից որոշ մանրամասներ փոխանցեց․ «Աչքերը փակ տարել են մինչև Բաքու, տարել են Հորադիզ, այնտեղից էլ ուղղաթիռով Բաքու։ Բաքվից էլ փակ մեքենայով բերել են Հակարիի կամուրջ։ 10 օր բանտում են եղել, երեքն էլ նույն սենյակում են եղել։ Կարմիր Խաչը հայկական գրքեր է տարել, որ կարդան, ժամանակն անցնի»։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն արտաքսել է այս տղաներին Ադրբեջանի տարածքից, որոշումը տարածվում է նաև Արցախի հանրապետության տարածքի վրա։ Եթե տղաներից որևէ մեկը փորձի անցնել Հակարիի կամրջով, կրկին կառևանգվեն։  62-ամյա Ջամբուլ Հովսեփյանն ասում է՝ չի պատկերացնում, թե ինչպես է տեղի ունենալու իր և որդու հանդիպումը, տարբերակ չկա։

«Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է Հակարիի կամուրջն անցնեմ, կեղծ պատրվակով ինձ էլ գուցե կալանավորեն»,-ասում է նա և հույս հայտնում, որ գոնե կնոջը կհաջողվի ինչ-որ կերպ Երևան գնալ։ Նշենք, սակայն, ցեղասպան քաղաքականություն որդեգրած Ալիևը որևէ քայլ չի կատարում արցախցիների համար կենսական նշանակության ճանապարհը բացելու համար։

Արցախում անվտանգային ու հումանիտար խնդիրները գնալով խորանում են։ Նշվում է, որ ալյուրի մի քանի օրվա պաշար է մնացել։ Ջամբուլ Հովսեփյանն ասում է՝ խնդիրները մի կերպ են հաղթահարում, գումարը ձեռքներին չեն կարողնում ոչինչ գնել, սակայն, ինչպես ինքն է նշում, գոհ է, որ որդին բերեհաջող վերադարձավ հայրենիք։

«Հացն է դժվարություն, հերթեր են, 200 գրամ են տալիս, կես հաց է հասնում մեկ հոգուն։ Ինչքան կա էդ ենք ուտում»,-ասում է արցախցի տղամարդն ու հույս հայտնում, որ խնդիրներն առաջիկայում կլուծվեն։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ու կես ամիս առաջ ադրբեջանցիները Հակարիի կամրջից առևանգեցին  68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Նա Արցախի բնակիչ էր և Հայաստան էր գալիս վիրահատվելու համար։

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest