Այսօր առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում հավաքված էին զոհվածների ծնողները։ Ներսում  դատարանը քննում էր քննչական  կոմիտեի քննիչների միջնորդությունը զոհված զինծառայող Մխիթար Գալեյանը հորը՝ Գարիկ Գալեյանին կալանավորելու  վերաբերյալ։

Նիստը տևեց 2 ժամից ավելի։ Դատարանը խորհրդակցական սենյակում մնաց ընդամենը 5 րոպե, և դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում  կայացրեց բավարարել կալանքի միջնորդությունը։

Գալեյանը մեղադրվում է խմբով խուլիգանության կատարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Նա երկու մեղադրանքներն էլ չի ընդունում։

Երեկ նրա բնակարանում խուզարկություն է կատարվել։ Նորածին երեխայի օրորոցից հայտնաբերվել են  Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան, հայ առաքեական խաչ և «Հայաքվե» շարժման  հավաստագիր, որը նախաձեռնել է ստորագրահավաք Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով։

Երեկ խուզարկությունից հետո քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել կալանքի միջնորդության ներկայացման մասին։

«Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց>, — ասված է հաղորդագրության մեջ։

 

«Այս մեղադրանքը իրականության հետ որևէ աղերս չունի», — մեկնաբանում է Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա չի հերքում, որ իր պաշտպանյալի  մոտ հայտնաբերվել է փոքր  չափի մարիխուանա տեսակի թմրանյութ։ Սակայն պնդում է՝ սա հետևանք է նրա ստացած մարմնական և հոգեբանական տրավմաներին, դրանց դիմակայելու միջոց է։

«Գլխում բեկորներ կան, գանգի ներհրվածք ունի։ Սարսափփելի ցավերին դիմագրավելու ձեւ է դա։ Երկու տարի շարունակ նա բուժում է ստացել։ Գուցե, թմրամիջոց օգտագործելով նա փորձել է դիմակայել ֆիզիկական և հոգեբանական  ծանր վիճակներին», — ասաց փաստաբանը Forrights.am-ին։

ԱԺ նախագահը թքեց քաղաքացու դեմքին, նրան խուլիգանության մեղադրանք չառաջադրվեց։  Այն առաջադրվեց Գարիկ Գալեյանին, որն անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց անցնող բողոքի ակցիայի ժամանակ շշով ջուրը է լցրել սադրիչի գլխին։  Զուգահեռն այս Վահան Հովհաննիսյանը անցկացրեց երեկ քննչական կոմիտեի առաջ խմբված լրագրողների և զոհվածների ծնողների համար, իսկ ասօր կրկնեց դատարանի բակում։

Գարիկ Գալեյանը, որը ձերբակալվել է երեկ, 44-ամյա պատերազմի ժամանակ Հադրութում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի հայրն է։ 20-ամյա Մխոն, չկատարելով նահանջի հրամանը, վերադարձել էլ դիրք, վիրավոր ընկերոջը փրկելու, և պաշտպանել էր  նրան սեփական մարմնով։

Գարիկ Գալեյանը ամենաակտիվ որդեկորույս ծնողներից է, ովքեր արդեն 3 տարի է, պայքարում են պատերազմի մութ անցքերը բացահայտելու , իրենց որդիների մահվան հանգամանքները լուսաբանելու, մեղավորներին պատժելու համար։ Նա նաև ամենահամարձակ պահանջներն են դնում քննչական մարմինների առաջ, ընդհուպ՝ հարցաքննել Նիկոլ Փաշինյանին և ներգրավել նրան որպես մեղադրյալ։

Գարիկ Գալեյանին ձերբակալել էին նաև 2022 թվականի մայիսին, քննչական վարչության դիմացի շենք մուտք գործելու համար,  որն ինչպես հետագայում պարզվեց, նորաստեղծ զորամաս էր։ Նրան և նրա հորեղբորը մեղադրանք էին առաջադել զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու համար։

Նա և ակցիայի մյուս մասնակիցները ունեին մարմնական վնասվածքներ, և հաղորդոմ էին տվել հանցագործությամ մասին։ Մեկ օր պահելուց հետո նրան չբացակայելու ստորագրությամբ ազատ էին արձակել։

Այս անգամ մեղադրանքներն ավելի խիստ են։

Որդիների կանչ ՀԿ նախագահ, Վահիդ Սահակյանին հարցրեցինք, արդյո՞ք նկատել է, որ Գարիկ Գալեյանը թմրամիջոցներ է օգտագործում, կամ շրջանառում։ «Ես տարի ու կես նրա հետ շփվում եմ, ես երբևէ իր մոտ դա չեմ նկատել։ Նման բան չի եղել», — ասաց նա։

Ինչո՞ւ են ընկել Գալեյանի հետևից։ «Մեր իշխանության ուղեհգիծն է։ Ինչ ասեմ։ Արդեն որերրորդ տարին է, ընկած են երեխաներին կորցրած մեր էս խեղճ մարդկանց հետևից։ Հիշում եք, Հռոմի Պապի դեմ մահափորձ եղավ, բայց նա համաներում շնորհեց, ասեց՝ ոչ դատեք, ոչ բան։ Իսկ այստեղ ամենաչնչին մանրուքների հետևից են ընկնում։ Շշի պատմություն են բերում, ջրի համար են դատում երեխաներին կորցրած մարդկանց»։

Վահիդ Սահակյանը ներկա է գտնվել անցյալ տարի դատախազության շենքի մոտ սադրիչի վրա շիշ շպրտելու դրվագին։ Այն ժամանակ ոստիկանության և զոհվածների ծնողների միջև հերթական քաշքշուկը տեղի ունեցավ։ Տուժողների թվում էր նաև Վահիդ Սահակյանը։ Նա մատի սալջարդ է ստացել, ոտքն է վիրավորվել։

«Քաշքշուկ է եղել։ Ես էլ էի հաղորդում տվել հանցագործության մասին, բայց էդ գործին ոչ մի ընթացք չի տրվել մինչև էսօր», — ասում է Վահիդ Սահակյանը Forrights.am-ին։ Դուք տեսել եք, թե ինչպես Գարիկը շիշ գցեց և ո՞ւմ վրա։ «Ես չեմ էլ նկատել, թե ով շիշը գցեց։ Տեսա, որ էդ մարդու վրա ջուր լցրեցին, ասել ուզեին՝ օյաղացի, հերոսների ծնողների մեջ ես գտնվում։ Բայց թե ով նետեց, ես չեմ նկատել ու իմ ցուցմունքում այդպես էլ գրել եմ, ես Գարիկի անունը չեմ տվել։ Դա տևել է մի կարճ ակնթարթ, ու այդ մարդը հայտնվել է մեր արանքում։ Չեմ էլ իմացել, թե ինքը ով է, էդ մարդը։ Ինձանից 3 մետր հեռու է եղել։ Բայց էդ գործով ցուցմունք են տվել մենակ ոստիկանները»։

Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը, դատարանի շենքի մոտ էր մյուս ծնողների հետ։ Նրան հարցրեցինք, թե արդյո՞ք իրենց տանից խուզարկության ժամանակ գտել են թմրամիջոց։ Forrights.am-ի հարցին պատասխանելով Աստղը ասաց․ «Ոչ։ Նման բան չի եղել։ Ես չգիտեմ, որտեղից է այդ տեղեկությունը։ Մինչև ամուսնուս չտեսնեմ, ոչինչ չեմ կարող ասել»։

Սյուզան Սիմոնյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest