Ինքնասպանություններն ու սպանությունները բանակում այնքան են հաճախակիացել, որ քիչ է մնում մտածես, թե հենց դրա համար էլ գնում են ծառայության։ Միայն մի բան լավ չեմ հասկանում՝ արժե՞ր սրա համար իշխանություն փոխել, թե սա հենց իշխանություն փոխելու արդյունք է, Պապիկյանն անձա՞մբ է «ղեկավարում» այս մահերի հաճախականությունը, թե մարդիկ մահանում են, քանի որ Պապիկյանն իր տեղում չէ։

Մի քանի օր առաջ կնոջս ասում եմ՝ Հայաստանում մահերի այսպիսի քանակը միլիարդանոց երկրի շքեղություն է։ Էթիկապես խոցելի այս միտքը ամբողջությամբ տեղավորվում է մեր իշխանությունների անհոգության մեջ։ Պետք է տեսնել, թե ինչպես են նրանք բոլոր այս մահերը փորձում սղացնել «ինքնասպանություն» արարքի տակ, որպեսզի ոչ փոխհատուցեն, ոչ ցավակցեն, ոչ էլ զինվորական կարգով հուղարկավորեն։

Ինչո՞ւ է այսպես, եթե բանակում ծառայում է մեր զինվորը, ոչ թե թշնամու զինվորին բերում ենք այստեղ ու մատաղ ենք անում։ Որովհետև այս ամենը չափազանց նման է մատաղի։ Մեր զինվորը այս իշխանության համար դարձել է մատաղի նման մի բան։ Այս ամենը դեռ հերիք չէ, կարդում ենք Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որից տեղեկանում ենք, որ զինծառայողը սպանել է դիրքի ավագին, ապա՝ ինքնասպան եղել։ Հլը ադրբեջանցու աչքերով կարդացեք այս լուրը։ Ուղղակի քեֆներդ կգա, թե ինչ է կատարվում մեր բանակում։

Ի՞նչ է կատարվում։ Որևէ բացատրություն չկա։ Միակ ՔՊ-ական բացատրությունը կարող էր լինել սա՝ դե ինչ եք պատմություն սարքում էս մահերից, եթե ադրբեջանցին չի սպանում , մեկը պիտի սպանի՞։ Իսկապես, ո՞վ է ասել, որ բանակ են գնում ապրելու համար։ Օրինակ, Սուրեն Պապիկյանը ծառայել է բանակում։ Ո՞վ կարող է ասել, որ նա ապրում է։ Բա դա կյա՞նք է, ամբողջ օրը հաճույքների մեջ մարդը մտածում է, թե էլ ո՞նց ավելի աշխուժացնի իր կյանքը։ Եթե մարդը մտածում է, դա արդեն կյանք չէ։

ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը չի էլ ծառայել։ Եվ պետք է խոստովանել, որ նրանք հաստատ ապրում են։ Քանզի չի երևում, թե նրանք մտածում են։ Եթե մտածեին, գուցե ՔՊ-ում նույնպես ողբերգական դեպքերի պակաս չզգացվեր։ Որովհետև մտածող մարդու համար բառացիորեն չդիմանալու ժամանակներ են։ Ու վայ էն երկրին, որտեղ զինվորը չի դիմանում, իսկ պատգամավորը դիմանում է։ Ու ոչ միայն դիմանում է։ Այլև՝ բարգավաճում։

Կարճ ասած, բանակում այսքան մահերի համար ոչ ոք պատասխան չի տալիս։ Նշանակում է, ոչինչ չի փոխվի։ Սուրեն Պապիկյանը՝ մասնավորապես։ ՔՊ-ն մի չգրված կարգախոս էլ ունի ոնց որ՝ դուք ասեք, մենք չանենք։

Մհեր Արշակյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest