Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված լինել 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով և բնակչության մարդու իրավունքներով։ Ես վերահաստատում եմ կոչը, որն արել եմ այն ժամանակ՝ վերականգնել ազատ տեղաշարժն այդ ճանապարհով»,-հայտարարել է Միյատովիչը։

«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ հումանիտար իրավիճակն ու մարդու իրավունքների իրավիճակը այդ շրջանում ավելի է վատթարացել՝ ազդելով հատկապես առավել խոցելի խավերի վրա՝ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումների և սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խաթարման պատճառով։Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվում է կյանք փրկող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության իրերի բացակայությանը»,- ասել է հանձնակատարը։ Նա նշում է, որ «շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն խուսափելու համար տեղի բնակչության համար շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն անվտանգ և ազատ անցումը մարդասիրական օգնություն տրամադրողներին և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողներին»։

«Ինչպես նշված է իմ 2021 թվականի հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար։ Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարելու մարդու իրավունքների առկա մարտահրավերները»,-ասվում է հայտարարության մեջ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest