Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 24-ին որոշել է մասնակի բեկանել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այդ մասին հայտարարել են Սմբատյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։

Նրանց փոխանցմամբ, ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

«Այդ որոշումն անընդունելի է։ Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն», -նշվում է փաստաբանների հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ դատախազության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, գործարար Արման Պետրոսյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ: Փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի կազմակերպիչը՝ Արմեն Սմբատյանը, քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո խմբի անդամների հետ կազմակերպել է մի քանի հանդիպում եւ վերջիններիս զգուշացրել, որ նախաքննական մարմիններում նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու վերոնշայլ դեպքը հիմք է հանդիսացել եզրահանգելու, որ մեղադրյալների համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ: Դրանով պայմանավորված՝ նախաքննական մարմինը հայր եւ որդի Սմբատյանների եւ գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest